Pastinfo.am-ը գրում է.

Ոստիկանության լրատվական ծառայությունը հերքում է Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունները։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հղում կատարելով իր աղբյուրներին նշել էր, որ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Ապա նաեւ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով.

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»։

Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստաբանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում եւ որ դեպքի առթիվ շարունակվում են նյութեր նախապատրաստվել։

Ինչպես հայտնել ենք՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն հոկտեմբերին՝ մամուլի հրապարակումներից։ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած 9-ամյա երեխայի և նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային՝ ընկել գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ պատահարից հետո Սանասարյանն անձամբ երեխային չի տեղափոխել բժշկական կենտրոն, այլ հեռախոսով կանչել են մորը, ով էլ նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, Սանասարյանն առանձին է գնացել հիվանդանոց, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք: Մինչդեռ՝ վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ։

Փաստն այն է, որ երեխան վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն պատահարի մասին ճանապարհային ոստիկանությունում դեպքի օրն ահազանգ չի ստացվել, ոչ էլ բժշկական կենտրոնից են ոստիկանություն ահազանգել՝ վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու մասին, թեեւ ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը, որն էլ արդեն պարզում է դեպքի հանգամանքները, նշանակում փորձաքննություն՝ համոզվելու վնասվածքը կարող էր առաջանալ նկարագրված պայմաններում, թե ոչ։ Ակնհայտ է, որ բժշկական կենտրոնը թաքցրել է դեպքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել