Յուրաքանչյուր ոք կարող է մոլորվել և սխալվել։ Այդ պատճառով էլ հարկ է սահմաններ դնել քաղաքականության ծրագրավորման և կերտման գործառույթների վրա։ Սխալվելու իրավունքը թույլ է տալիս հանդես գալ համարձակ նախաձեռնություններով։ Սխալվելու իրավունքի բացառումը վտանգավոր արգելք է դնում մարդու ազատ գործունեության եւ իր մտքերն ազատորեն արտահայտելու վրա, ինչը ժողովրդավարության պայմաններում հանգեցնում է ճգնաժամի։ Սխալվելու իրավունքի նորմը թույլ է տալիս հանցանքի համար պատիժ կրած անձին վերստին վերականգնվել որպես հասարակության անդամ։ Սխալվելու իրավունքի բացակայությունը պատնեշներ է դնում սխալվածի եւ դեռեւս չսխալված միջեւ, սահմանափակում մարդու դրսեւորվելու հնարավորությունները, ի վերջո լրջորեն խախտում հասարակական համերաշխությունը եւ արդարությունն ընդհանրապես։
Կառավարության աշխատանքում Վերահսկիչ մարմինը հայտնաբերել էր մեծ չափերի խախտումներ եւ չարաշահումներ։ Եթե հարգվեր յուրաքանչյուրի մոլորվելու եւ սխալվելու իրավունքը, ապա պատասխանատուներն առանց դժվարության կարող էին ընդունել վերահսկիչի այն մեղադրանքները, որոնք համապատասխանում են իրականությանը։ Իսկ երբ սխալվելու իրավունքը չի հարգվում, ապա ոչ ոք, նույնիսկ ամենամեղավորն անգամ չի ընդունի իր սխալն ու բացթողումը, եւ հասարակությունն այդպես էլ չի իմանա, արդյոք ճի՞շտ էին վերահսկիչի բացահայտումները, թե՞ նախարարներն իրոք մաքուր են աշխատել։
Մարդը սոցիալական էակ է եւ առաջնորդվում է հասարակական նորմերով։ Մարդու հանդեպ հավատն աշխատունակության բարձրացման խթան է, ստեղծագործելու եւ առաջընթացի գրավական։ Վերահսկիչի բացահայտումներին առնչվող հասարակական արձագանքներում նախարարների ձախողվելու եւ սխալվելու կապակցությամբ մի գրամ ափսոսանք չլսվեց։ Սա վկայում է այն մասին, որ մոլորվելու եւ սխալվելու իրավունքը հարգված չէ, եւ ընդհանրապես մարդու հանդեպ հավատի նշույլ անգամ չկա։ Եվ քանի դեռ այդպես է, ապա հասարակության անդամը, անկախ այն բանից՝ նախարար է, թե հացթուխ, չի ընդունելու իրեն հասցեագրած սխալը, քանի որ իրեն չեն հավատում ու չեն ներելու՝ ոչ հիմա, ոչ էլ հետո։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/477022875719378?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել