«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36 մլն 506 հազար եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել Հայաստանի հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է` պետական պարտքի եւ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման հզորացում, փողի շուկայի իրացվելիության եւ ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավում եւ կորպորատիվ պարտքի եւ բաժնետիրական կապիտալի շուկաների զարգացում:
Պարզվում է` ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն կտա նաեւ երկրորդ վարկային համաձայնագրի ստորագրմանը: Այսպես, նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ նախատեսվում է ստորագրել «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրը: Ըստ դրա` նախատեսվում է Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Նշված միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել