Պենտագոնը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիին ոչնչացնելու առաջին տեսանյութն ու լուսանկարը, հաղորդում է РИА Новости-ն:

Կադրերում երևում է այն շենքը, որում, ըստ Միացյալ Նահանգների, գտնվել է ահաբեկիչը: Երևում է նաև, թե ինչպես են շենքը երկու կողմից շրջապատում մի խումբ մարդիկ:

«Տեսանյութում մենք տեսնում ենք այն օբյեկտը, որտեղ թաքնվել է ալ-Բաղդադին: Ինչպես ես ավելի վաղ նշել եմ, այդ մեկուսացված շինությունը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում»,- լրագրողներին ասել է ամերիկյան գեներալ Քենեթ Մաքենզին:

Ըստ նրա՝ տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են «գրոհայինները կրակ բացում օդից հարձակողական գործողություն իրականացնող ամերիկացի զինվորականների վրա»:

Մաքենզին ավելացրել է, որ ԴՆԹ-ի անալիզը բացարձակ ճշգրտությամբ հաստատել է ալ-Բաղդադիի ոչնչացման փաստը: Նա ասել է, որ ԻՊ առաջնորդը պայթեցրել է իրեն և երկու երեխաներին, այլ ոչ թե երեք, ինչպես նախկինում հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Երեխաները մինչև 12 տարեկան էին:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հաստատել է, որ ալ-Բաղդադիի դին թաղված է ծովում:

Տեսանյութը դիտեք՝ 45։34 րոպեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել