Pastinfo.am-ը գրում է․

Սարսափելի չէ, որ մեր արտաքին պարտքը հատել է 5 միլիարդի սահմանը։ Սարսափելի, կրիտիկական սահման է համարվում 12 միլիարդի 60 տոկոսը, որը կկազմեր 6 միլիարդից ավելի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով արտաքին պարտքի ցուցանիշին։

«Եթե ՀՆԱ-ն պետք է մեծանա, ուրեմն այստեղ խնդիր չունենք։ Կարևորն արտաքին պարտքի մեծությունը չէ, այլ այդ գումարների ճիշտ և արդյունավետ օգտագործումը։ Եթե գումարները փչացնում ենք, ապա կրկնակի վնաս ենք կրում. և՛ պարտքը պետք է տանք, և՛ բերած գումարը չենք կարողանում նպատակային օգտագործել»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ նկատելով, որ գումարն արդյունավետ օգտագործելու պարագայում արտաքին պարտքը մարելն էլ կհեշտանա։

Տնտեսագետը համոզված է, որ գումարը կարող է կորել նաև վատ մենեջմենթի պատճառով. «Կա մարդ, ով գնումներ կատարելու վարպետ է, մարդ էլ կա, որն առաջին հայացքից հրապուրվում է և սկսում գնել իրեր, որոնք պետք չեն։ Պետք է հստակ իմանանք՝ ինչի համար ենք փող ուզում, և ինչի վրա ենք այն ծախսելու։ Պետական մարմինների ներսում պետք է մենեջմենթը լավանա։ Կարևոր է, որ պետական մարմինները հստակ տիրապետեն իրենց խնդիրներին, և այդ խնդիրների համար իմանան, թե ինչ հայց են ներկայացնում»,-ասաց տնտեսագետը։

Սխալ պետական գնումները նույնպես փողի կորուստ են։ Տնտեսագետը պնդում է՝ պետությունը պետք է իր կարիքները ճիշտ գնահատի, թե ինչի վրա է այդ գումարը ծախսելու. «Բերում է պետական ապարատին աշխատավա՞րձ տա, ինչպես նախկինում է եղել, թե՞ բերում է տնտեսության համար էական նշանակություն ունեցող գնումներ կատարելու համար։ Նախկինում բերել են փող, որ աշխատավարձ տան, բայց ինչու՞ պետք է ներքին բյուջե չունենանք, որ պետական պաշտոնյաներին աշխատավարձ վճարելու համար դրսից փող բերենք»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ քանի դեռ ճիշտ ենք ծախսում, ախենալ պետք չէ։ Երբ սկսենք սխալ ծախսել, վտանգավոր կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել