Pastinfo.am-ը գրում է.

Տարեսկզբի նվազեցումից հետո սեպտեմբերին կառավարության արտաքին պարտքի պարտավորությունները բավական կտրուկ ավելացել են։ Ամսվա ընթացքում պարտքը համալրվել է ավելի քան 123 մլն դոլարով։ Այն առաջին անգամ հատել է 5 մլրդ դոլարի սահմանը։ 

Ֆինանսների նախարարության տվյալներով, հոկտեմբերի 1-ի դրությամբ կառավարության արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 31 մլն դոլար։ Նախորդ տարվա վերջի համեմատ այն աճել է 45 մլն դոլարով։

Իհարկե, կառավարության պարտքը միայն դրանով չի սահմանափակվում։ Այն ունի ևս 1 մլրդ 507 մլն դոլարի ներքին պարտավորություններ։ Այս տարվա ընթացքում ներքին միջավայրից ներգրավված գումարների դիմաց պարտքը ավելացել է գրեթե 121 միլիոնով։
Ընդհանուր առմամբ տարեսկզբի ինը ամիսներին կառավարության արտաքին և ներքին պարտավորությունները, որոնք նստած են պետական բյուջեի վրա, համալրվել են 166 մլն դոլարով։ Դրանք հասել են 6 մլրդ 539 մլն դոլարի։


Չնայած գնաճային թույլ դրսևորումներին` Կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախկինի նման այն կկազմի 5,5 տոկոս։

Կենտրոնական բանկն իր այս մոտեցումը հիմնավորել է արտաքին հատվածի զարգացումներով և հարկաբյուջետային քաղաքականության սպասվող խթանող ընթացքով։

Արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում։ Փոխարենը ԿԲ-ն հույս ունի, որ կառավարության զպող հարկաբյուջետային քաղաքականությունը տարեվերջին որոշ չափով կընդլայնվի։

Խոսքը հատկապես բյուջետային ծախսերի իրականացման մասին է, որոնք բավականաչափ հետ են մնացել նախատեսված ծրագրերից։ Երրորդ եռամսյակում դրանք որոշ չափով ավելացել են, բայց ԿԲ-ն շարունակում է համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատել զսպող։

Ու այս պայմաններում որոշել է չվերանայել փողի գինը, որովհետև նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը։ Թեև կարծում է, որ շարունակում են գերակշռել գնաճի կանխատեսված սցենարից դեպի ներև շեղման ռիսկերը։

Նշենք, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 0,5 տոկոս` նախատեսված թիրախային 2,5-5,5 տոկոս միջակայքի փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել