Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանն այսօր կրկին կալանավորվեց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հովսեփ Սարգսյանից։

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ դատարանը բավարարել էր Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը և 800 հազ դրամ գրավի դիմաց Ռոբերտ Մանուկյանն ազատ էր արձակվել։

«Դատախազը բողոքարկել էր գրավի կիրառման դեմ և Վերաքննիչ դատարանն այսօր գրավն անթույլատրելի է ճանաչել և կալանավորել Ռոբերտ Մանուկյանին»,-ասաց Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ այս ընթացքում, երբ Ռոբերտ Մանուկյանն ազատության մեջ է եղել, հավուր պատշաճի վարք է դրսևորել և որևէ խնդիր չի առաջացրել։

Հարցին՝ պատրաստվում են բողոքարկել, թե ոչ, փաստաբանը պատասխանեց. «Դեռ չգիտեմ, չեմ կարող ասել։ Որոշումը դեռ չեմ ստացել։ Ամենայն հավանականությամբ կարող ենք բողոքարկել»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում` Արծվի արձանի մոտ, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով վնասվել է գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենան: Պարզվում է` արձանի մոտ գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված է եղել պայթուցիկ նյութ, որը պայթեցվել է, երբ Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները մոտեցել են այդ տարածքին: Բարեբախտաբար տուժածներ չկան:

Պայթյունից ժամեր անց գործարարի ավտոմեքենան դեպքի վայրից վարելով հեռացրել է վարորդը, ինչի կապակցությամբ հարուցվել է առանձին քրեական գործ՝ քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Օգոստոսի 3-ին գործարարի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով՝ առանց նրան ծանուցագիր ուղարկելու կամ բերման ենթարկելու որոշում ունենալու։ Ռ.Մանուկյանը հրաժարվել էր առանց օրինական հիմքի գնալ ոստիկանություն, սակայն նա հարկադրաբար տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ, ըստ նրա հայտարարության, ենթարկվել է բռնության։

Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։ Այդուհանդերձ, նրան առաջադրվել է մեղադրանք ու որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։

Գործարար Ռ. Մանուկյանը իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել