Ինչպե՞ս է կոչվում Հնդկաստանի մայրաքաղաքը: Դուք կարծում եք, թե այն կոչվում է Դելի՞: Շատերն են այդպես կարծում, բայց նրանք սխալվում են: Հնագույն Դելի քաղաքն աշխարհի ամենամեծ եւ ամենակոլորիտային քաղաքներից մեկն է: Այն բաժանված է երկու մասի` Նյու Դելի, այսինքն` Նոր Դելի, եւ Օլդ Դելի` Հին Դելի: Իսկ որտեղի՞ց է առաջացել Դելի անունը: Վարկածներից մեկի համաձայն` Մաուրյայի դինաստիայի Դիլու արքան մ.թ.ա. 50թ. կառուցում է այս քաղաքը եւ կոչում իր անունով:
Դելիով է անցնում սրբազան Յամունա գետը: Մ.թ.ա. 6-րդ դարում այստեղ արդեն քաղաք կար, իսկ մարդիկ բնակություն են հաստատել դեռեւս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Կարծիքներ կան, որ Դելիի տեղում եղել է Ինդրապրաստհան` Պանդավների լեգենդար մայրաքաղաքը, որի մասին խոսվում է հնդկական Մահաբհարատա էպոսում:
Հնդկաստանի մայրաքաղաքը Նյու Դելին է, այստեղ են գտնվում Հնդկաստանի հիմնական կառավարական հաստատությունները: Իսկ Հին Դելին դարեր առաջ եղել է հնդկական մահմեդական պետության մայրաքաղաքը: 1639թ. մոնղոլական կայսր Շահջահանը Դելիում պարսպով շրջապատված նոր քաղաք է կառուցում, որը Մոնղոլական կայսրության մայրաքաղաքն է լինում մինչեւ 1857թ.-ը: Սա Դելիի տարածքում կառուցված յոթերորդ քաղաքն էր եւ կայսեր անունով կոչվում է Շահջահանաբադ: Դելին մինչեւ 1857թ.-ը կոչել են նաեւ Շահջահանաբադ: Հենց այստեղ են գտնվում Հնդկաստանի պատմության մահմեդական շրջանին վերաբերող հին ամրոցները, մզկիթները եւ հուշարձանները: Դելին իրենից ներկայացնում է հնագույնի եւ գերժամանակակցի շատ բարդ «սինթեզ»:
Երբ բրիտանական Արեւելահնդկական ընկերությունն իր վերահսկողությունն է սահմանում գրեթե ողջ Հնդկաստանի նկատմամբ, նրանք երկրի մայրաքաղաքը տեղափոխում են Կալկաթա: Սակայն 1911թ. Մեծ Բրիտանիայի արքա Գեորգ 5-րդը հրամայում է մայրաքաղաքը կրկին տեղափոխել Դելի: Նոր քաղաքը` Նյու Դելին, կառուցվում է հին քաղաքից հարավ ընկած հատվածում 1920-ական թվականներին: Ճարտարապետներն են Սըր Էդվին Լուտյենսը եւ Սըր Հերբերթ Բեյքերը:
Երբ Հնդկաստանը 1947թ. անկախություն է ձեռք բերում բրիտանական գաղութատիրությունից, Նյու Դելին հռչակվում է երկրի մայրաքաղաք:
Նյու Դելիի կառավարական հատվածի համար պատուհաս են այս շրջանում ապրող բազմաթիվ կապիկները: Նրանք բաց պատուհաններից գրասենյակներ են թափանցում եւ խառնում փաստաթղթերը: Ինչպես Լոնդոնի Բրիտանական թանգարանում աշխատող հատուկ կատուներ կան մկներին բռնելու համար, այնպես էլ Նյու Դելիի արտգործնախարարության շենքում կան հատուկ կապիկներ` լանգուրներ, մյուս տեսակի «հանդուգն» կապիկներին քշելու համար:
Դելին ունի նահանգի կարգավիճակ: Այն կոչվում է Դելիի միութենական տարածք, որի մեջ, բացի Հին Դելիից եւ Նոր Դելիից, ներառված են նաեւ արվարձանները` Նոյդան, Գուրգաոնը, Ղազիաբադը եւ Ֆարիդաբադը: Դելի նահանգն ունի իր օրենսդրությունը, գերագույն դատարանը, նախարարների խորհուրդը եւ գլխավոր նախարարը, այսինքն` քաղաքապետը: Քաղաքի տարածքը կազմում է 42 700 քառ. կմ: 2011թ. մարդահամարի տվյալներով` Դելիի բնակչությունը կազմում է շուրջ 17 մլն մարդ: Տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին` 1000/866: Գրագիտության աստիճանը կազմում է 86,34%:
Այստեղի կլիման ցամաքային է: Ապրիլից մինչեւ հոկտեմբեր օդի միջին ջերմաստիճանը 40 աստիճան է Ցելսիուսի սանդղակով, իսկ ձմռանը` դեկտեմբերից փետրվար` միջինը 8 աստիճան: Հուլիս-օգոստոս ամիսներին տեղում են մուսոնային անձրեւներ, որոնց շնորհիվ ջերմաստիճանը մի քանի աստիճանով նվազում է:
Նյու Դելին գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչի պատճառով մեծ է խոշոր երկրաշարժի հավանականությունը: Նյու Դելիի քույր քաղաքներն են` Չիկագոն, Լոնդոնը, Ուլան Բատորը, Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Յոհանեսբուրգը, Տոկիոն, Սիդնեյը:
Դելիում զարգացած են բամբակի, սննդի, կարի, փայտամշակման արդյունաբերությունները:
2010թ. հոկտեմբերին Դելիում են անցկացվել Համագործակցության խաղերը, ինչը մեծ իրադարձություն էր երկրի կյանքում:
Դելին երեւում է շատ իդիոմներում: Դրանցից մեկը սա է` «Abhi Dilli door hai», ինչը նշանակում է` «Դելին դեռ շատ հեռու է»: Իմաստն այն է, որ տվյալ գործը կամ ճանապարհը դեռ երկար կտեւի: Սրա հայկական տարբերակը կլինի` «Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:
Նյու Դելին գերժամանակակից քաղաք է` իր հինգաստղանի հյուրանոցներով, երկնաքերներով, բարձր զարգացած տեխնոլոգիաներով, զվարճանքի վայրերով, լայն եւ կանաչապատ պողոտաներով:
Նաիրա Մկրտչյան