Pastinfo.am-ը գրում է.

«Մեր դիվանագիտական ներկայացուցիչները հմուտ արձագանքում են»,-ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես է պատասխանել վարչապետ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարության միջազգային արձագանքներին ու քննադատություններին վերաբերող հարցին։ 

Լրագրողի դիտարկմանը, թե համաձա՞յն եք, որ Արցախը տարածք է, որտեղ հայեր են ապրում, Դավիթ Տոնոյանը անկեղծորեն զարմացած արձագանքել է. «Ի՞նչ , իսկ ո՞վ է այդպիսի ձեւակերպում արել»։ Դիտարկմանը, թե խոսքը ԱԳ նախարարի հարցազրույցի մասին է, որտեղ, ըստ վերլուծաբանների, նա չի արձագանքել լրագրողի պնդմանը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.«Մի ներքաշեք ինձ այդ խոսակցության մեջ, իմ մոտեցումը ես ժամանակին արտահայտել եմ»։

Լրագրողների հարցին, թե ինչ կասի նախարարը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, Տոնոյանն ի պատասխան նշել է.«Արցախի հարցը լուծված է»:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է Զոհրաբ Մնացականյանի ՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցի պաշտոնական սղագրությունն ու անգլերենով տեսագրությունը։ Հարցազրուցավար Սթիվըն Սակուրը սուր հարցադրումներ է հնչեցնում նաեւ վարչապետի «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարության վերաբերյալ։ Հարցազրույցում BBC-ի լրագրողը, ըստ էության, Հայաստանի իշխանությանը մեղադրում է, որ նա խաղաղության չի ձգտում, պնդում է, թե Հայաստանը պետք է պահպանի միջազգային իրավունքը, ապա հարցնում է, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել, որ վերջին 20 և ավելի տարիների ընթացքում հայկական բանակը պատասխանատու է եղել շատ լուրջ խախտումների համար: Երբ հարցազրուցավարը խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է պահպանի միջազգային իրավունքը, Արտգործնախարար զոհրապ Մնացականյանը արձագանքում է « Դրա շրջանակներում, Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Մենք... »։ Նախարարը չի ավարտում խոսքը եւ հաջորդիվ իր պատասխաններում չի անդրադառնում այս հարցին եւ չի խոսում ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար 3 սկզբունքներից մեկն է։

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը, Դավիթ Տոնոյանն ասել է, որ ՊՆ-ն սերտ համագործակցում է հանձնաժողովի հետ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, ՊՆ ներկայացուցիչները ներկա են գտնվում աշխատանքներին: Նախարարը նաեւ նշել է, որ իրեն հրավիրելու դեպքում ինքն էլ կներկայանա հանձնաժողով։

Անդրադառնալով այդ հանձնաժողովի գործունեությունից ակնկալիքներին, Դավիթ Տոնոյանն ասել է.«Ես ակնկալում եմ, որ ապրիլյանի հետ կապված ասեկոսեները ավարտվեն։ Բացառում է դավադիր պատերազմը։ Դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից ես բացառում եմ»։

Գնահատելով սահմանին տիրող իրավիճակը Տոնոյանն ասել է.«Այս պահին այն վերահսկելի է, համեմատական անդորր է, կան կրակոցներ, որոնք հիմնականում կապված են տարվող ինժեներական աշխատանքների հետ՞:
Ինչ վերաբերում է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին, պաշտպանության նախարարն ասել է, որ գուցե, տրամադրություններ են ստուգվել, ապա հավելել է. « Ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունեմ»։

Տոնոյանը նաեւ նշել է, որ իր եւ Փաշինյանի հարաբերությունները լարված չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել