Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 3-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր։ Դատարան Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի քաղաքի Նորքի 9-րդ զանգված բնակիչ, 24-ամյա Էդգար Կարապետյանի և Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 48-ամյա Ալբերտ Տոնոյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավավարեց քննիչի միջնորդությունը և որպես խափանման միջոց նշված անձանց նկատմամբ որոշում կայացրեց երկամսյա կալանավորում, որից հետո նշված անձինք տեղափոխվեցին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 30-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները թարմ հետքերով վնասազերծել էին ավազակային հարձակում կատարած անձանց։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հունիսի 30-ին՝ գիշերը ժամը 01։10-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք, զինված ներս էին մտել Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 48-ամյա Խաչիկ Պողոսյանի տուն և զենքի գործադրմամբ այնտեղից հափշտակել 1 միլիոն 7 հարյուր հազար դրամ և 1 զույգ ադամանդե քարերով ոսկյա ականջօղեր։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավազակային հարձակմամբ ժամանած դիմակավորված հանցագործների կողմից կրակոցներ էին արձակվել, ինչի հետևանքով նշված տանից Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել Խ. Պողոսյանի որդին՝ 22-ամյա Տարոն Պողոսյանը, ով վնասվածք էր ստացել որովայնի ձախ կողմնային պատի մասում։ Մինչ ավազակային հարձակում կատարողները գողոնով վերադառնում էին Երևան, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ ավազակային հարձակում կատարող անձինք Opel Vectra մակնիշի 235 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով գալիս են դեպի Երևանի կողմ։ Արդեն Երևան քաղաքում՝ Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկում ոստիկանության աշխատակիցները կարողացան մինչ ատամները զինված ավազակային հարձակում կատարած անձանց պրոֆեսիոնալ ձևի վնասազերծել և բերման ենթարկել քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նրանք են Երևանի քաղաքի Նորքի 9-րդ զանգված բնակիչ, 24-ամյա Էդգար Կարապետյանը, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 48-ամյա Ալբերտ Տոնոյանը։ Նշված Opel-ի մեջ հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիքներ գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ օգտագործված զուգագուլպաները։ Հայտնաբերվել էր նաև ավազակային հարձակման ժամանակ Խ. Պողոսյանից հափշտակած գումարի մեծ մասը։ Հայտնաբերված ատրճանակներն ուղարկվել էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



