Իսպանիայի Գրանադա նահանգում գտնվող մարմարե դամբարանը դարձել է տեսարժան վայր, ուր բազմաթիվ այցելուներ են գալիս: Այս վայրը դարձել է Պինոս Պուենտե փոքր քաղաքի այցեքարտերից մեկը:  

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, այնտեղ հուղարկավորված է բեռնատարներ առևանգելով տխրահռչակ համբավ ձեռք բերած տղամարդը, որի գերեզմանն արտառոց է դարձել երկու բրոնզե քանդակների շնորհիվ: Դրանք իր և Audi Q5 մեքենայի՝ իրական չափսերով պատրաստված քանդակներն են: Նշվում է, որ նա հենց այդ մեքենան է օգտագործել առևանգումների ժամանակ:

Անտոնիոյին, որը հայտնի է «Էլ Տոնտո» («հիմար») մականունով, հաճախ անվանում էին նաև «Բեռնատարների ծովահեն»: Նա Գրանադայի պատմության ամենահայտնի հանցագործներից է եղել, որը միլիոններ է կուտակել բեռնատարներ գողանալով և վաճառելով:

Էլ Տոնտոն մահացել է անցյալ տարի՝ 46 տարեկանում, ձերբակալվելուց կարճ ժամանակ անց: Նրա գերեզմանոցի մասին լուրերը ևս սկսեցին տարածվել անցյալ տարի: Այնտեղ կարելի է տեսնել «մայրուղիների ծովահենի» մեծ արձանը՝ նստած մարմարե աստիճաններին: Քանդակի վրա արտացոլվել են նաև նրա շքեղ ապրելակերպը հուշող աքսեսուարները՝ թանկարժեք ժամացույցը, թևնոցը, մատանիները: 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել