ԱՄՆ Արկանզաս նահանգում տղամարդը մահացել է եղջերուի հարձակման հետևանքով, որի վրա նա «կրակել էր» որսի ժամանակ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է iHeartRadio-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:

«Ես 20 տարի աշխատում եմ որսորդության և ձկնորսության հարցերի պետական հանձնաժողովում, և սա իմ պրակտիկայում հանդիպած տարօրինակ դեպքերից մեկն է»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչ Քիթ Սթիվենսը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Յելվիլ քաղաքի մոտակայքում: Սթիվենսի խոսքով՝ երբ 66-ամյա Թոմաս Ալեքսանդրը եղջերուին կրակելուց հետո մոտեցել է համոզվելու՝ կենդանին իսկապես սատկել է, եղնիկը հարձակվել է որսորդի վրա և ծանր վնասվածքներ հասցրել նրան: Վիրավոր տղամարդուն հաջողվել է զանգել հարազատներին, որոնք էլ իրենց հերթին կապ են հաստատել փրկարարների հետ: Ալեքսանդրին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է:

Ըստ որսորդության և ձկնորսության հարցերի հանձնաժողովի՝ հայտնի չէ՝ արդյոք տղամարդն իսկապես մահացել է եղջերուի հարձակման հետևանքով ստացված վերքերից: Սթիվենսը նշել է, որ «դիահերձում չի կատարվել, ուստի մենք գուցե երբեք չիմանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:

Նա հիշեցրել է որսորդներին, որ նախքան «սպանված» եղջերուին մոտենալը պետք է համոզվել, որ նա մոտ 30 րոպե անշարժ է մնացել: Ըստ Սթիվենսի՝ հայտնի չէ՝ Ալեքսանդրը հետևել է այդ կանոնին, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել