Pastinfo.am-ը գրում է․

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը հաշվառված է եղել Ոստիկանությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ անդրադառնալով Ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի սպանությանը։ Նրա խոսքով՝ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք պատճառած պատանին նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի։

«Բայց այստեղ չի կարող աշխատանքը լիարժեք լինել, եթե չկա ընտանիք։ Երեխան ապրում է ընտանիքում, երեխան ունի ծնող, ով ժամանակին զրկված է եղել ծնողական իրավունքից։ Հետագայում վերականգնվել են նրա ծնողական իրավունքները և նրանք ապրում էին համատեղ»,- ասաց տիկին Դուրյանը՝ նշելով, որ Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է կատարում, սակայն մեծ նշանակություն ունի երեխայի միջավայրը, ընտանիքը։

«Առանց ընտանիքի հնարավոր չէ երեխային ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Պետք է երկուստեք աշխատանքը լինի։ Եթե մենք մի բան ենք ասում, բայց նա ընտանիքում տեսնում և լսում է մեկ այլ բան, չենք կարող մենք այդ երեխային ուղղել։ Եթե ծնողն ունի երկու որդի և չգիտի, թե իր երեխաները որտեղ են, չի հետաքրքրվում նրանց կյանքով, ոստիկանն ուղղակի չի կարող առավոտից երեկո նրանց հետևից շրջել»,- նշեց տիկին Դուրյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրն ունի իր մեղքի բաժինը Տիգրան Առաքելյանի մահվան դեպքում։

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22.00-ին՝ «Փաստինֆո»-ի եթերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել