Hraparak.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետությունը տեւական ժամանակ է՝ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ չունի․ այդ ֆունկցիաներն իրականացնում են նրանց նախկին տեղակալները՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց սեպտեմբերի 16-ին, մի քանի օրից՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ նորմա՞լ է, որ երկիրը ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն չունի։ «Կարող եմ ասել, որ այսօր նշանակված պաշտոնակատարներն ամբողջ ծավալով ունեն այն լիազորությունները, որոնք նախատեսված են այդ պաշտոնների համար, եւ այս առումով ես չեմ կարծում, որ ոստիկանապետ կամ ԱԱԾ տնօրեն չկա։ Նրանք նույնպես կրում են իրենց առջեւ դրված խնդիրների համար պատասխանատվություն, նույն իրավունքներն ու պարտականություններն ունեն։ Բայց կարծում եմ՝ որոշ ժամանակ անց հիմնական նշանակումներ կլինեն»։

- Իսկ ի՞նչն է խանգարում, որ հիմնական նշանակումներ արվեն։

- Չեմ կարող ասել, կարծում եմ՝ աշխատանքին գնահատական տալու անհրաժեշտություն կա։

- Այսինքն՝ հնարավոր է ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի ԺՊ-ներն էլ նշանակվե՞ն։

- Այո, ես կարծում եմ, որ հենց այդ մարդիկ էլ կնշանակվեն։ Կոնկրետ ոստիկանության մասով այդ համոզմունքն ունեմ, որովհետեւ, տեսնելով ոստիկանությունում այսօր իրականացվող բարեփոխումները, կարծում եմ՝ ճիշտ ուղու վրա են։ Այդ քայլերը տեսանելի են, վստահ եմ՝ կարճ ժամանակահատվածում մենք արդյունքները կտեսնենք։

- Այդուհանդերձ, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հրաժարականներն աղմուկ բարձրացրին, Վանեցյանը կոչ արեց սթափվել, Օսիպյանը՝ անհասկանալի պատճառներով։ Սա Դուք նորմա՞լ եք գնահատում։

- Ես նորմալ եմ գնահատում, որ ժամանակ առ ժամանակ պաշտոնյաները պետք է փոխվեն, հավերժական որեւէ մեկը չի կարող պաշտոն զբաղեցնել, եւ դա նորմալ է։

- Մեկ տարին չբոլորած պաշտոնյանե՞րն էլ, որոնք դեռ չէին հասցրել նորմալ դրսեւորվել, եւ ոչ մի բացատրություն չի տրվում, թե ինչում էին թերացել։

- Ես չեմ կարող երկուսին նույնականացնել, տարբեր են պատճառները ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի։ Ոստիկանության մասով ես արդեն իմ դիրքորոշումը հայտնել եմ, շնորհակալություն եմ հայտնել Վալերի Օսիպյանին՝ իրականացրած ծառայության համար, այդ ժամանակահատվածում իր առջեւ դրված խնդիրները բավարար կարգով կարողացել է լուծել։ Բայց գալիս է մի ժամանակ, երբ անհրաժեշտ է լինում թարմացումներ անել, նոր տեսանկյունից նայել հարցերին եւ կադրային փոփոխություն անել։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, ես իմ դիրքորոշումը հայտնել եմ, որ դա հարիր չէ սպային։

- Իսկ իշխանություններին հարի՞ր է ԱԱԾ տնօրենին փորձել քաղաքական հետապնդման ենթարկել, գուցե նաեւ հենց այդ հայտարարության համար, մարդկանց բռնության ենթարկելով՝ փորձել նրա դեմ ցուցմունք կորզել։

- Որեւէ քաղաքական հետապնդում ինձ համար ընդունելի չէ, առավել եւս ցուցմունք կորզելն ընդհանրապես անընդունելի է, դա Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է եւ հանցագործություն է համարվում, հետեւաբար, երբեւէ չի կարող ընդունելի լինել։

- Բայց մամուլում գրվեց, որ ծաղկի շուկայի աշխատակիցներից փորձել են բռնությամբ Վանեցյանի դեմ ցուցմունք կորզել, նրանք էլ այդ փաստով ՀՔԾ են դիմել։

- Չեմ կարծում, որ եթե ինչ-որ մեկը բռնության է ենթարկվել, հատկապես այդ մարդիկ, իրավական պաշտպանության միջոցներ չունենան։ Եվ նույն այդ քրեաիրավական դաշտում թող գնահատական տրվի ե՛ւ համապատասխան կառույցի աշխատակիցների գործողությունների իրավաչափությանը, ե՛ւ նաեւ իրենց գործողություններին։

- Իսկ քաղաքական գնահատական չպե՞տք է տրվի, եթե ապացուցվի, որ իսկապես բռնությամբ փորձել են ցուցմունք կորզել ընդդեմ Վանեցյանի։

- Ես վստահ եմ, եթե նման բան պարզվի, ապա այդ անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության, եւ այստեղ արդեն կբացառվի այն թեզը, որ սա կարող է քաղաքական ինչ-որ դրդապատճառներ ունենալ։

- Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ չընդունեց Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագիծը, որ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնները դառնան քաղաքական, եւ նշանակվեն 25 տարեկան քաղաքական դեմքեր։ Ի՞նչ եք կարծում՝ պե՞տք է այդ պաշտոնները քաղաքականացվեն, տարիքային շեմն իջեցվի։

- Դրանք նույն պայմաններն են, որոնք պատգամավորների համար են նախատեսված։ Այդ նախագծի մասով ես վերապահումներ ունեմ, եւ նախագիծը հետ վերադարձվեց առաջին փուլ, կարծում եմ՝ այնտեղ համապատասխան լրացումներ եւ շտկումներ կատարելու անհրաժեշտություն կա։ Ես, իհարկե, քննարկման ընթացքում եւս իմ կարծիքը կհայտնեմ, առայժմ սպասում եմ, թե նախագծի ինչ տարբերակ է նախապատրաստվում։

- Դուք կցանկանայի՞ք 25-26 տարեկան ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն ունենալ, որը կարող է այդ կառույցներում երբեւէ աշխատած չլինել։

- Միանշանակ՝ ոչ։ Ես պնդում եմ եւ կողմ եմ, որ այդ կառույցի ղեկավարները պետք է լինեն հմուտ, պրոֆեսիոնալ, պարտադիր պետք է անցած ճանապարհ ունենան, նաեւ պետք է բարոյական չափանիշները համապատասխանեն։ Միայն այս պարագայում կարելի է քննարկել այդպիսի պաշտոններում անձանց նշանակումը։

- Բայց ձեր թիմում, կարծես, դեմ չեն այս նախագծին։

- Այո, իհարկե, թիմի մեջ գործընկերները տարբեր կարծիքներ ունեն, այս եւ շատ այլ նախագծերի նկատմամբ մեր կարծիքները հաճախ տարբերվում են, սակայն ես իմ մտահոգությունները եւ տեսակետն անպայման քննարկման ընթացքում կասեմ։

- Վերջին օրերի իրադարձություններին ինչպե՞ս եք վերաբերվում՝ մարդկանց են ձերբակալում, քրեական գործեր հարուցվում, Արա Բաբլոյանին են կասկածյալի կարգավիճակ տվել։

- Քրեական գործ հարուցելու հիմքերն ու առիթները կան, եթե հարուցվում են այդ քրեական գործերը, եթե կիրառվում են խափանման միջոցներ, ուրեմն դրանց համար բավարար հիմքեր կան, որովհետեւ, վերջիվերջո, կալանքի միջնորդությունը դատարանն է բավարարում, եւ միայն այնպես չէ, որ նախաքննական մարմինները կարող են որոշել եւ կամայական ինչ ուզեն՝ անեն։ Այստեղ կա նաեւ դատական վերահսկողության տարրը։ Դա ես նախաքննական եւ հետաքննական մարմինների ակտիվ աշխատելու արդյունք եմ համարում։

- Այդ ակտիվությունն արդեն ռեպրեսիաներ են կոչում, անգամ հիշում են 1937 թիվն ու ստալինյան ժամանակները։

- Այսօր չի կարող ռեպրեսիա ընդհանրապես լինել, որովհետեւ իրավական պաշտպանության մեխանիզմներն այնքան զարգացած են Հայաստանում, ես չեմ վախենում դա ասել, եւ քաղաքացին այնքան է այսօր պաշտպանված իրավական դաշտում, ավելի շատ պաշտպանական մեխանիզմներն են արդյունավետ, քան մեղադրանքի մեխանիզմները, եւ կարծում եմ՝ ցանկացած քաղաքացի այսօր ի զորու է պաշտպանել իր իրավունքները օրենքով սահմանված կարգով, ինչը կբացառի որեւէ կամայականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել