Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։ Հայաստանը 70-րդ տեղից «բարձրացել էր» 69-րդ տեղը։ Բառը գրել եմ չակերտների մեջ, քանզի այդ փոփոխությունն ավելի շուտ արդյունք էր նրա, որ զգալիորեն իջել էին Վրաստանը, Սերբիան և Հնդկաստանը։
Երկրորդ՝ շշմեցնող է Ադրբեջանի շեշտակի վերելքը՝ 69-ից 58-րդ տեղ։
Երրորդ՝ մտահոգիչ է ՀՀ «աճի» տեմպը. 2015-2016-ին այն բարելավվել էր 3 տեղով (82-ից 79-ը), 2016-2017-ին՝ 6 տեղով (79-ից՝ 73), 2017-2018-ին՝ 3 տեղով (73-ից 70) և ահա 2018-2019-ին՝ ճահճացում։
Այս մասին հայ հանրությունը ձայն չհանեց։ Երեկ արդեն ՀԲ-ն հրապարակում է Doing Business (DB). Հայաստանում «իրականացված» տնտեսական հեղափոխության արդյունքում 41-րդ տեղից նահանջել ենք 47-րդ տեղը։ Նշեմ, որ Վրաստանը 7-րդն է, Ղազախստանը՝ 25-րդը, ՌԴ-ն՝ 28-րդը, Թուրքիան 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը։ «Հուսադրում» է սոսկ Իրանը՝ 127-րդ տեղ։ Ի՞նչն է, սակայն, բոլորովին անընդունելի։ Կառավարության երեկվա նիստի ժամանակ վարչապետը հանկարծ հարց է տալիս. էս ո՞նց եղավ։ Այստեղ արդեն ԿԲ նախագահ Ջավադյանը խոսում է սխալմունքի մասին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ցուցանիշը (միավորի իմաստով) բարձրացել է։
Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են (հղումն՝ այստեղ)։ ՀՀ-ին ներքև են քաշում 5 ցուցանիշ՝ բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունը, սնանկության հստակ մեխանիզմների բացակայությունը, շինարարական թույլտվությունների ձգձգումը, հարկերի վճարումը և վարկերի ստացումը։ Ի դեպ, երեկվա կառավարությունում հարկերի վճարման մի հետաքրքիր խոչընդոտ կար՝ Խ. Սուքիասյանին հարկային արտոնության տրամադրումը։ Մի տրամադրեք այդ արտոնությունները՝ ասում են ՀԲ-ն և DB-ն։ Այս տարի սակայն մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր․ «Պարոն վարչապետ, մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև գլորվում։ Խ. Սուքիասյանը կամ Ս. Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլինի՞՝ նրանց արտոնություններ չտաք։ Կլինի՞, որ նման արտանություններ սահմանվեն բոլորի համար։ Ինչո՞ւ եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ, քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները։
Առաջիկայում կանդրադառնամ 2020-ի բյուջեի և վիճակագրական հանցագործություններին։