Սպահանում գործում է հայկական Փրկչի վանական համալիր, որն իրանցիներն անվանում են հայերեն բառով՝ Վանք։ Վանքի մուտքի դիմաց կանգնեցված է մի մարդու արձան, որն իր ձեռքում փոքրիկ իր է պահել։
Այս արձանը խորհրդանշում է հայերի մեծ ներդրումը Իրանի զարգացման գործում Սեֆյանների օրոք։ Այս մասին իրանական Pars Today պարբերականում գրել է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն։
«Արձանը ներկայացնում է Խաչատուր Կեչառեցուն՝ Նոր Ջուղայի եպիսկոպոսին։ Նոր Ջուղան մի ժամանակ Սպահանի արվարձաններից է եղել, այնուհետև մտել է քաղաքի կազմի մեջ։ Խաչատուրի անունը կապված է բոլոր ժամանակների ամենազարմանալի պատմություններից մեկի հետ՝ Իրանում տպագրության ստեղծման պատմության»,- նշում է Սիմոնե Ձոպելարոն։
Ըստ լրագրողի՝ հայերը տպագրությամբ սկսել են հետաքրքրվել դրա ստեղծման ժամանակներից ի վեր։ Նրանք հասկացել են, որ տպագրությունը լավագույն միջոցն է լեզուն, մշակույթն ու կրոնը պահպանելու։
Իրանում առաջին տպագիր գիրքը Դավթի հայալեզու սաղմոսներն էին։ Վերջինս տպագրվել է 1638 թ.։ Իսկ ահա 1641-ին լույս է տեսել հայկական եկեղեցու հայրերի կյանքին վերաբերող ժողովածու։



