Hraparak.am-ը գրում է.

Երկար տարիներ Սահմանադրական դատարանի, ապա նաեւ մի կարճ շրջան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ աշխատած ու դատարանները շրջափակելու ակցիայից հետո հրաժարական տված Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ցանկացած սահմանադրական խնդիր ունի նաեւ քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական բաղադրիչ։

Նա սա ասում է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջը ծավալվող վերջին իրադարձություններին։ Իսկ անձամբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալու իրավապահների գործողություններն էլ Գագիկ Հարությունյանը համարում է իրավական մշակույթի խնդիր։ Հարցրինք՝ իրեն դո՞ւր է գալիս այն մթնոլորտը, որ ձեւավորվել է այսօր Հայաստանում, ինչին կարճ պատասխանեց՝ ոչ։

- Իսկ հատկապես ի՞նչը Ձեզ դուր չի գալիս։

- Ճշմարտությունը հետեւյալն է․ ընդհանրապես, անցումային շրջանները բավականին բարդ են իրենց բնույթով եւ արժեքների ընկալմամբ։ Ես հիմա որ նման տիպի հարցեր եմ լսում կամ Ձեր, մյուսների հոդվածներն եմ կարդում, հիշում եմ Ղրղզստանի դեպքերը, երբ այնտեղ եղավ հեղափոխություն, ու դրանից անմիջապես հետո նախագահի պաշտոնը ստանձնեց մի տիկին, որը մեկ տարի հետո մի հայտարարություն արեց, եւ այդ հայտարարությունը մեր սահմանադրագետների շրջանում միշտ օրինակ էին բերում, ու կարծես թե ինչ-որ տեղ զավեշտի ժանրից էր։ Այդ կինն ասել էր․ «Մենք հեղափոխությունն ավարտեցինք, հիմա կարող ենք ապրել Սահմանադրությամբ»։ Ուրեմն, առաջընթաց հնարավոր է միայն այն դեպքում, երբ ապրում ենք Սահմանադրությամբ։ Եթե մեր այսօրվա Սահմանադրության արժեբանական ընդհանրացումները խելամիտ կյանքի կոչվեն, շատ հարցեր ավելի հեշտությամբ կլուծվեն։

- Բայց նաեւ քննադատում են ու մեղադրում դրա հեղինակներին, թե հենց Սահմանադրության պատճառով է, որ այսօր այս վիճակն է առաջացել։

Հնարավոր է, տարբեր կարծիքներ կարող են լինել, ես՝ ինքս էլ եմ այդ Սահմանադրության ինչ-որ դրույթներ ժամանակին մեր հանձնաժողովում լուրջ քննադատել, նույնիսկ այնպիսի իրավիճակներ են եղել, որ ասել եմ՝ հատուկ կարծիք գրեմ եւ հրաժարվեմ։ Ես, օրինակ, առաջարկում էի սահմանադրական մշտադիտարկման ինստիտուտը ներդնել, որը միջազգային մակարդակում բավականին բարձր գնահատականների է արժանացել։ Եվ առաջարկում էի ներդնել սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը, որը հնարավորություն կտար հատուկ ինստիտուտի միջոցով սահմանադրական բոլոր մարմինների պետաիշխանական բոլոր լիազորությունների հետ կապված խնդիրները քննության առարկա դարձնել։ Հետագայում ես առաջարկեցի նաեւ մի կոնցեպցիա՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, երբ խոսքը վերաբերում էր դարձյալ այդ տիպի գործերի կոլեգիալ քննության ինստիտուտին։ Դուք պատկերացրեք՝ այս երկրի քաղաքացի եք եւ հենց Դուք՝ ինքներդ ընտրեք, ակտիվ երիտասարդ լրագրող եք՝ սուր գրիչով, հետաքրքիր մտքերով, ընտրեք ցանկացած դատավորի, թող ինքը քննի այս գործերից որեւէ մեկը՝ 300 հոդվածով, 300.1-ով եւ այլն։ Հասարակության քանի՞ տոկոսն այդ մեկ դատավորի կողմից քննվող եւ կայացրած վճռին վստահություն կհայտնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել