Pastinfo.am-ը գրում է.

Խոսքի ազատության առումով որևէ բան չեմ կարող ասել, որովհետև հստակ քրեական գործ է հարուցվել, բայց էական է, որ կա խնդիր հարուցված հոդվածի մասով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալությանը։

«Այո, 2018 թվականին Էրեբունի-Երևանի 2800 ամյակի կապակցությամբ ընդունվել է համաներման օրենք, որի համաձայն այդ հոդվածը, այդ պատժաչափը ներառված է համաներման օրենքի մեջ։ Ըստ այդմ՝ խախտված է նաև քրեական դատավարության 35-րդ հոդվածը, որն ասում է, որ անձը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, եթե կիրառվում է այդ համաներման ակտը»,-նշեց Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ ՀՔԾ-ն դեռ պարզաբանումներ տալու անհրաժեշտություն ունի։

Անի Սամսոնյանի կարծիքով այստեղ քաղաքական տարր կարելի է տեսնել այն առումով, որ բոլոր գործողությունները և դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասվածը այսօր պտտվում են մեկի անձի՝ Հրայր Թովմասյանի շուրջ.

«Կարծում եմ, որ չենք կարող ստեղծել իրավական երկիր, հաստատել օրինականություն, եթե օրինակ Սահմանադրական դատարանի հարցերն ուզում ենք լուծել հակաօրինական ճանապարհներով»,-ասաց Անի Սամսոնյանը՝ ընդգծելով, որ այն գործողությունները, որոնք արվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ, նրա հարազատների նկատմամբ կարող են ընկալվել որպես քաղաքական հետապնդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել