Առավոտյան անծանոթ համարից զանգ ստացա: Պատասխանեցի, և զրուցակցիս առաջին հարցն էր․ «Ո՞վ ես դու», ինչին ես, բնականաբար, պատասխանեցի.
- Իսկ դու ո՞վ ես:
Ի պատասխան դրան՝ իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա, իսկ վերջում էլ ստացա ամենաանսպասելի հարցը.
- Ինչո՞ւ ես զանգում ամուսնուս:
Ես արդեն լիարժեք արթնացա և հարցրի.
- Ի՞նչ ամուսին:
- Իմ ամուսնուն՝ Արմենին:
- Բայց Արմենն իմ ամուսինն է:
Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին, որ ես չէի կարողանում գոնե մի բառ ասել: Մենք էլի 5 րոպե անիծեցինք միմյանց, մինչև ինձ և հակառակորդիս մոտ հիստերիա սկսվեց, և մենք անջատեցինք հեռախոսները:
Ես զանգեցի ամուսնուս և ասացի, որ լուրջ դեպք է եղել: Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.
- Այդ ինչպե՞ս ես հասցնում… Ուրեմն՝ երկու ընտանիք ունե՞ս…
Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել, ծիծաղից ընկավ գետնին:
Պարզվեց, որ երեկոյան, երբ ես արդեն քնած էի, իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Արմեն է: Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծանոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի, թե ով էր:
Երբ ամեն ինչ պարզվեց, մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:
Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմություն: