Ամեն ինչ սկսվեց լեգենդից, որը պատմում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքներից մեկի ժամանակ ծանոթացավ հունզակոտների ցեղի հետ, ովքեր այնքան երկար էին ապրում, որ Մակեդոնացին որոշեց հենց նրանց տարածքում ստեղծել իր պետությունը, բայց ինչ-որ բան սխալ գնաց։ 

Այսպես՝ Հունզա գետի ափին՝ Հնդկաստանի և Պակիստանի սահմանի միջակայքում, գտնվում է մի հովիտ, որը կոչվում է «Երջանիկ հովիտ»։ Այստեղ բնակիչները հայտնի են նրանով, որ ապրում են շուրջ 100-150 տարի։ Նրանց մասին առաջին անգամ պարզ դարձավ 20-րդ դարում, երբ նրանցից մեկը որոշեց Փարիզ թռիչք կատարել։ Օդանավակայանի աշխատակիցը զարմացավ, որ մարդն, ով 1963թ․-ին որոշել էր թռչել ինքնաթիռով Փարիզ, ծնվել էր 1823թ․-ին։ Աշխատակիցն ուղղակի չկարողացավ հավատալ իր աչքերին։ 

Դրանից հետո այդ մարդու ծնված տարածքում ուղղակի հետազոտություններ անցկացվեցին, ու պարզվեց, որ այստեղ ապրող մարդիկ գրեթե չեն հիվանդանում ոչ մի հիվանդությամբ։ Նրանք ամբողջովին առողջ են, չեն վախենում ծննդաբերել 50 տարեկանում, սկսում են ծերանալ 100 տարեկանում և միջինում ապրում են գոնե 130 տարի։ 

Այս փաստն, իհարկե, շոկի ենթարկեց աշխարհին, ու լրատվամիջոցները, բժիշկներն ու հետազոտողները թիրախի տակ վերցրին աշխարհի ամենաերկարակյաց ցեղին՝ հասկանալու նրանց երկարակեցության գաղտնիքը։ Սակայն ցեղը չէր շտապում բարձրաձայնել իր գաղտնիքը, որովհետև նրանք իրականում չգիտեին էլ, թե ինչն է նպաստում նրանց՝ այդքան երկար ապրելու գործընթացին։ 

Արդյունքում հայտարարվեց, որ աշխարհում կան մի շարք օազիսներ, որտեղ մարդիկ իրենց սնվելու ու ապրելակերպի շնորհիվ կարողանում են ընդունված նորմայից ավելի երկար ապրել։ Այս տեսակ վայրեր կան և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Ամերիկայում, սակայն դրանք կա՛մ փոքր գյուղեր են, կամ էլ շատ փոքր բնակավայրեր, որոնք առանձնապես չեն փայլում իրենց մարդաշատությամբ։ 

Սակայն հունզակոտները, ի վերջո, որոշեցին կիսվել մի շարք խորհուրդներով, որոնք իբր թե նրանց օգնում են ավելի երկար ապրել։ 

Նախ՝ նրանք նշում են, որ գարնանային սեզոնին, երբ դեռ մրգերն ու բանջարեղենը մինչև վերջ չեն հասել, նրանք հիմնականում սնվում են ծիրանի չրով ու ծիրանի կտից պատրաստված տարբեր ուտելիքներով։ Սա նրանց օգնում է ավելի թարմ մնալ։ 

Բացի այդ՝ նրանք նշում են, որ ծանրաբեռնված աշխատանքային օրերին 12-14 ժամ նրանք կարող են առհասարակ չսնվել։ Սա օգնում է ամբողջովին բեռնաթափել մարմինը ավելորդ ուտելիքից ու տարբեր սննդային հավելումներից։ 

Առավոտյան տարատեսակ վարժություններ անելու փոխարեն ցեղում նախընտրում են պարզապես աշխատել։ Նրանք կատարում են ֆիզիկական տարբեր աշխատանքներ, ու այստեղ հնարավոր չէ տեսնել մեկին, ով ուղղակի անգործ ման կգա ու ոչինչ չի անի։ 

Այս ամենից զատ՝ ցեղում թեյի ու սուրճի փոխարեն նախընտրում են խմել չորացրած ծիրանի հյութ։ Այստեղ այդ հյութն օրվա ընթացքում մի քանի անգամ օգտագործում են ինչպես սովորական ըմպելիքը կամ ջուրը։ 

Դժվար կլինի ասել, որ հենց այս ամենն է նպաստում ցեղում երկարակեցության տարածմանը, սակայն բնիկները վստահ են, որ այս առօրյայով են ապրում։ Վերջում նրանք հավելում են, որ սնվում են օրը ընդամենը 2 անգամ ու ցեղում նախաճաշում են միայն երեխաները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել