Հոլիվուդյան դերասանուհիներ Անջելինա Ջոլիի, Էլ Ֆանինգի և Միշել Պֆայֆերի մասնակցությամբ Disney-ի «Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի հերթական մասը Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին հավաքել է մոտ 36 միլիոն դոլար, իսկ համաշխարհային վարձույթում՝ 117 միլիոն դոլար, ինչն առիթ է տալիս ենթադրելու, որ այն կարող է գերազանցել «Ջոկեր» ֆիլմի դրամարկղային մուտքերը, գրում է Fox News-ը:

Disney-ում կարծում են, որ ֆիլմը կարող է երկար «վարձութային կյանք» ունենալ:

«Թեև ֆիլմը երկրի ներսում այնքան մեծ դիտումներ չգրանցեց, որքան ակնկալում էինք, սակայն առավել հուսադրող է այն փաստը, որ հանդիսատեսը, կարծես, դրական է արձագանքում ֆիլմին»,- հայտնում են Disney-ից:

Թեև երկու շաբաթվա հանգստյան օրերի արդյունքում «Ջոկեր» ֆիլմը զիջել է իր դիրքերը, այն շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել համաշխարհային վարձույթում: Ամբողջ աշխարհում ֆիլմը հավաքել է ավելի քան 737,5 մլն դոլար, երկրի ներսում՝ 247 մլն:

Նշենք, որ «Մալեֆիսենթ 2» ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Մալեֆիսենթի ու Ավրորա ապագա թագուհու միջև բարդ փոխհարաբերությունների պատմությունը: Այն էկրաններին է հայտնվել հոկտեմբերի 17-ից: Ֆիլմը հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռեմեյքը, որտեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենթի տեսանկյունից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել