Antifake.am-ը գրում է․

Հոկտեմբերի 12-ին, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը «48 մլն 900 հազար դրամ՝ հեղափոխական ռազմավարությունների պրոպագանդային․ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով» վերնագրով հոդված և համանուն ռեպորտաժ է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է որոշում` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով ցուցապաստառների տպագրության ու գովազդային ծառայությունների ձեռքբերման համար վարչապետի աշխատակազմին հատկացնել 48 մլն 900 հազար դրամ, որն ուղղվել է Երևանի և մարզերի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակմանը։

«Ֆակտոր»-ը տեղեկացնում է նաև, որ դիմել է քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ պաստառներն իրենց են ներկայացվել «Իմիջ Մ.Գ.», «Մեդիա Գրուպ» և «Նուշիկյան Ասոցիացիա» գովազդային գործակալությունների կողմից: «Նուշիկյան Ասոցիացիա»-ից տեղեկացրել են, որ գովազդային պաստառներն իրենց պատվիրել է «Անտարես հոլդինգ»-ը։

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի ի հետ զրույցում հայտնել է․ «Ստացել ենք հանձնարարություն Կառավարությունից, որ Հայաստանում գտնենք մինիմալ քանակով արտաքին գովազդի վահանակներ, բանակցենք վահանակների տերերի հետ՝ դրանք տարբեր ընկերություններ են, որպեսզի կարողանանք Հայաստանը ծածկել այդ գովազդով, որ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի առնչվի դրա հետ։ Գաղափարն այն է, որ տարբեր ձեռագրերով գրված է նույն ուղերձը, այսինքն՝ ամեն հայաստանցի իր անունից է ասում»։

Կառավարության որոշման մասին

AntiFake.am-ը ուսումնասիրեց կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը և «44»-րդ կետում գտավ քննարկվող հարցը, որը ներառված է եղել «չզեկուցվող» հարցերի շարքում։

Նախագծի հավելվածից տեղեկանում ենք.

  • Ծրագրի անվանումը՝ հանրային իրազեկում
  • Ծրագրի նպատակը` Հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկության՝ տեղեկատվության մատչելիության ապահովում
  • Վերջնական արդյունքի նկարագրությունը` Հանրության իրազեկվածության մակարդակի բարելավում՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների լուսաբանում
  • Միջոցառման անվանումը` Հանրությանը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձների ներկայացում
  • Միջոցառման նկարագրությունը` «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրություն, գովազդային  ծառայությունների ձեռք բերում
  • Դասիչը՝  հանգիստ, մշակույթ եվ կրոն, Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ, գովազդային արշավի հետ կապված ծառայություններ
  • Ծառայության գինը՝ 48,900,000 ՀՀ դրամ

Որոշման նախագծից էլ տեղեկանում ենք, որ կառավարությունը որոշել է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով։

«Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին

Ինչպես արդեն նշվեց՝ գովազդային ծառայությունների մատուցումը կառավարությունը հանձնարարել է «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստից տեղեկանում ենք, որ ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։

Ընկերության կազմում ընդգրկված են` հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Ընկերությունը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի ձեռնարկությունների հետ։

Ընկերությունն ի սկզբանե ունեցել է 5 մասնակից, սակայն  1999 թ. 4 մասնակիցներ դադարացրել են իրենց մասնակցությունը, այդպիսով` ընկերության 100% բաժնեմասն առ այսօր պատկանում է Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին։ Արմեն Մարտիրոսյանի բաժնեմասի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ  դրամ։ Հետևաբար՝ ընկերության կանոնադրական կապիտալը ևս նույնքան է։

Ուշագրավ է, որ համաձայն tender-monitoring.am կայքի՝ ընկերությունը պետական մարմիններին ծառայություններ է մատուցում 2016 թ.-ից, սակայն 2018 և 2019 թթ. ընթացքում համագործակցության ծավալներն ավելացել են ահռելի չափով։

Նշենք, որ միայն 2018 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական մարմիններին ծառայություններ մատուցելու տենդերներ է ստացել 25,811,232 ՀՀ դրամի չափով, իսկ 2019 թվականին՝ մինչև կառավարության հոկտեմբերի 10-ի որոշումը, 58,917,630 ՀՀ դրամի չափով, որից՝ 37,473,120 ՀՀ դրամի ծառայություններ է մատուցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 20,746,800 ՀՀ դրամի՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, իսկ մնացածը՝ ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ նախագահի աշխատակազմին։

Ընդհանուր առմամբ ընկերությունը պետական մարմիններին մինչև կառավարության հոկտմեբերի 10-ի որոշումը մատուցել է 87,317,862 ՀՀ դրամի ծառայություններ։ Իսկ կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ ընկերությանը հատկացված 48,900,000 ՀՀ դրամի հետ միասին «Անտարես» ընկերությունը ՀՀ պետական բյուջեից ստացել է 136,217,862 ՀՀ դրամ

Ուշագրավ է նաև, որ Ընկերությունը պետական բյուջեից հատկացվող գումարներով մատուցվող ծառայություններից 12-ը՝ 76,217,932 ՀՀ դրամի, մատուցել է «Մեկ անձից» գնման միջոցով, իսկ «Բաց մրցույթի» ընթացակարգով ընկերությանը գումար չի հատկացվել։

Ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի մասին

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանը ընկերության հիմնադիրը, միակ բաժնետերն ու տնօրենն է։

Ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս` բավականին հարուստ և հաջողակ հրատարակչի կենսագրության մեջ «մոռացության է մատնված» Մարտիրոսյանի անցած քաղաքական ուղին։

Արմեն Մարտիրոսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով որպես պատգամավորի թեկնածու։ «Ես նպատակ չունեմ քաղաքականության մեջ երկար մնալ, ես ունեմ լավ գործ, ես հրատարակիչ եմ, այս ծրագիրը իրականացնելուց հետո շտապ վերադառնալու եմ իմ աշխատանքին»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում նշել է Մարտիրոսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել