Pastinfo.am-ը գրում է․

«Ակնհայտ է, որ  ՍԴ բոլոր դատավորների համար պետք է պարզ լինի՝ եթե հանկարծ հաջողվեց այն պրոցեսը, որն իրականացվում է Հրայր Թովմասյանի դեմ,  իրենք բոլորը այդ նույն պրոցեսի միջոց անցնելու են»,- անդրադառնալով ՍԴ դատավորների հայտարարությանը, «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նրա խոսքով, անկախ նրանից, թե որ դարաշրջանում ենք ապրում եւ ինչ իշխանություն ունենք, կա հետեւյալ օրինաչափությունը, երբ  իշխանությունը ընտրում է իշխանության ամբողջական ուզուրպացիայի ճանապարհը՝ լինի միջնադարյան Ֆրանսիայում , թե ժամանակակից Հայաստանում, այլեւս մի փուլից սկսած՝ էլ հետադարձ չունի։

 «Սա նշանակում է, որ  այդ ճանապարհն ընտրած իշխանությունը հերթով բոլոր ոլորտները պետք է վերցնի հսկողության ներքո։ Մեկ, երկու երեք՝ էլ հետադարձ չես ունենալու եւ  սա վերաբերվում է եւ մամուլին եւ իրական հասարակական սեկտորին, եւ փաստաբանությանը։ Եթե այս պրոցեսը շարունակվեց, ոչ ոքի կողքով չի անցնելու»,-ընդգծեց  Վարոսյանը։

ՍԴ անդամների կողմից միասնական դիրքորոշում հայտնելը, ըստ փաստաբանի այս գիտակցման վկայությունն է եւ, բնականաբար, դրական քայլ է ստեղծված իրավիճակում։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Հայտարարությունն ստորագրել է 7 դատավոր՝  Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը, Ֆելիքս Թոխյանը։

Հայտարարությանը չի միացել միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, բոյկոտում է ՍԴ աշխատանքը, թեեւ աշխատասենյակ ունի, աշխատավարձ է ստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել