Տիեզերագնացների՝ Լուսին կատարած վերջին թռիչքից արդեն անցել է 50 տարի: Մարդկությանն անհրաժեշտ է կրկին վերադառնալ Երկիր մոլորակի միակ բնական արբանյակ՝ առավել ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի միջոցով նոր հետազոտություններ կատարելու: NASA ընկերությունը նախատեսում է դա անել 2024թ. «Արտեմիդա» ծրագրի շրջանակում և արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում: Վերջերս ընկերությունը հանրությանն է ներկայացրել սկաֆանդրերի նոր տարբերակը, որը տիեզերագնացների նոր սերնդին թույլ կտա ավելի ազատ ու հեշտությամբ շարժվել Լուսնի վրա և, առհասարակ, տիեզերական բաց տարածությունում:

Սկաֆանդրի անվտանգությունը

Նախևառաջ, ինժեներներն աշխատել են կոստյումի գլխավոր համակարգի բարելավման վրա: Այդ համակարգը պատասխանատու է թթվածնի մատակարարման, ածխաթթու գազի կլանման, ջերմաստիճանի և խոնավության կարգավորման համար: Նոր սկանֆանդրերում այս համակարգը կրկնակի մեծացված է, որը կոստյումն առավել անվտանգ է դարձնում: Այն նաև լավ պաշտպանված է փոշու ներթափանցումից, որը կարող է վնասել ինչպես տիեզերագնացներին, այնպես էլ տեխնիկական միջոցները:

Որքան հարմար են դրանք

Որպեսզի շարժվելու ընթացքում տիեզերագնացներն անընդհատ չընկնեն, NASA-ի ինժեներները բարելավել են կոստյումը և հայտնել, որ 50 կգ կշռող կոստյումի մեջ տիեզերագնացները հեշտությամբ կկարողանան շարժվել, վերև բարձրանալ ու ներքև իջնել: Ինժեներ Քրիստին Դևիսը սկաֆանդրի ցուցադրության ժամանակ սեփական օրինակով ցույց է տվել, թե սկաֆանդրով որքան հեշտ է կռանալն ու քար բարձրացնելը:

Ինժեներները հեշտացրել են նաև սկաֆանդրը հագնելու եղանակը. տիեզերագնացները կկարողանան այն հագնել մեծ անցքի միջից, որն արված է կոստյումի մեջքի հատվածում:

Հին և նոր տեխնոլոգիաներ

Հին սկաֆանդրերում տիեզերագնացների համար հարմարավետ չէր ներկառուցված բարձրախոսով Երկրի հետ կապ հաստատելը, քանի որ դրանք չէին հետևում գլխի շարժումներին: Նոր տարբերակում գլխի հատվածում միանգամից երկու բարձրախոս կա ամրացված, որպեսզի, որ կողմ էլ տիեզերագնացը թեքի գլուխը, կարողանա ազատորեն կապ հաստատել:

Սակայն, այնուամենայնիվ, հին տեխնոլոգիաներից հետքեր ևս մնացել են: Օրինակ՝ տիեզերագնացները նախկինի պես ստիպված են տակդիրների այլընտրանքներ կրել: Բաց տիեզերական տարածությունում բնական կարիքները հոգալը կարող է ժամեր տևել, այդ իսկ պատճառով նրանք ստիպված են այդ հարմարանքները կրել:

Տիեզերանավի տարածքում թռչելու համար նախատեսված սկաֆանդր

Լուսանկարներում կարելի է նկատել նաև մեկ այլ սկաֆանդր, որը նարնջագույն է: Ընկերությունը դրա վրա մեծ շեշտադրում չի կատարել, այդ իսկ պատճառով նորարարության մասին շատ բան հայտնի չէ: NASA-ի ներկայացուցիչները հայտնել են, որ օգտագործվելու է հատուկ «Օրեոն» տիեզերանավի թռիչքի և վայրէջքի ժամանակ, որով էլ նախատեսվում է կատարել դեպի Լուսին հաջորդ թռիչքը: Անհրաժեշտության դեպքում տիեզերագնացներն այն կարող են կրել 6 օր շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել