Վեցերորդ սերնդի (6G) ցանցերի տեխնոլոգիաները, որոնք էլ ավելի արագ եւ արդյունավետ կլինեն տվյալների փոխանցման համար, քան ներկայիս առաջավոր 5G ձեւաչափը, կարող են հասանելի դառնալ առաջիկա 10 տարում: Այդ մասին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Huawei հեռահաղորդակցական հսկայի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը։

«Մենք սկսել ենք 6G ցանցերի ուսումնասիրությունը, եւ, կարծում եմ, առնվազն 10 տարի անց դրանք հասանելի կդառնան գործնական կիրառման համար»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ Ժեն Չժենֆեյը մտահոգություն է հայտնել, նշելով, որ Huawei-ը կարող է կորցնել առաջատարի իր դիրքերը 5G տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, եթե ԱՄՆ-ն ընկերության նկատմամբ իր սահմանափակումները պահպանի երեքից-հինգ տարի:

Մինչ այժմ Huawei-ը այլ երկրների հետ ավելի քան 60 պարտավորագիր է կնքել հինգերորդ սերնդի գլոբալ շարժական կապի ընդլայնման վերաբերյալ: Huawei կորպորացիան հիմնադրվել է 1987 թվականին: Այն արտադրում է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են 170-ից ավելի պետություններում:

Կորպորացիան միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան նրան մեղադրեցին տեխնիկական լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն հավաքելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել