1946 թ. սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Նյուրնբերգյան դատարանում դատավճիռներ կայացվեցին նացիստական գլխավոր հանցագործների վերաբերյալ։ Նրանցից տասներկուսը դատապարտվեցին մահապատժի՝ կախաղան հանելու եղանակով։ Մահապատիժներն իրագործվեցին հոկտեմբերի 16-ի գիշերը։ Պատժից երեք ժամ առաջ Հերման Գյորինգը ինքնասպանություն գործեց՝ կալիումի ցիանիդ ընդունելով։ Թե ով էր խիստ պահպանվող բանտախուց բերել թույնով լի պարկուճը՝ անհայտ է մինչ օրս։ Առաջինը մահապատժի ենթարկվեց երրորդ ռեյխի արտաքին գործերի նախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպը։

Հոկտեմբերի 16-ի գիշերը թակեցին նրա խցի դուռը։ Բանտի ղեկավերը՝ ամերիկացի գնդապետ Էնդրյուսը ևս մեկ անգամ կարդաց դատավճիռը։ Ռիբենտրոպի ձեռքերը պարանով կապեցին մեջքի հետևում։ Ռազմական ոստիկանության երկու ոստիկան նրա հետ 13 աստիճանով բարձրացան վերև, Ռիբենտրոպին կանգնեցրին մտոցի վրա և կապեցին նրա ոտքերը։ Նրան հարցրին՝ արդյոք վերջին խոսք ասելու ցանկություն ունի՞։ Ռիբենտրոպի՝ խաղաղության և հոգու փրկության մասին ճառից հետո ավագ սերժանտ Ջոն Վուդսը հանցագործի գլխին գլխարկ դրեց և պարանոցին պարան անցկացրեց։ Դահիճը գործի դրեց մեխանիզմը և մտոցը բացվեց։

Ամերիկյան բանակի տեխասցի նահանգային դահիճ Ջոն Վուդսը մինչ այդ իրագործել էր ավելի քան 300 մահապատիժ։ Չնայած դրան՝ գլխավոր նացիստական հանցագործների պատիժները նա վատ կազմակերպեց։ Մտոցները շատ նեղ էին, և դրանցով ներքև ընկնողները ընթացքում հպվում էին պատերին։

Բացի դրանից, պարանի երկարությունը և մտոցի խորությունը վատ էին հաշվարկված, և հանցագործները մահանում էին ոչ թե միանգամից՝ կոտրվածքներից, այլ խեղդամահ էին լինում։ Ռիբենտրոպը, օրինակ, տառապել է 15 րոպե շարունակ, մինչև վրա է հասել մահը։

Քանի որ որոշվել էր մի գիշերվա ընթացքում մահապատժի ենթարկել նացիստական բոլոր հանցագործներին, բայց յուրաքանչյուրի պատիժն անկանխատեսելիորեն երկար էր տևում, դահիճն ու իր օգնականները սկսեցին շտապել։

Հյորինգի և մյուսների դիերը վերջում լուսանկարեցին՝ հագուստով և մերկ վիճակում, այնուհետև փաթաթեցին սավանների մեջ և դրեցին դագաղների մեջ։ Առավոտյան դագաղները՝ զինված թիկնապահների ուղեկցությամբ, տարան Մյունխեն՝ քաղաքի ծայրամասում գտնվող դիակիզարան։

Դիակիզարանում չգիտեին, թե կոնկրետ ում են այրելու։ Աշխատակիցներին հայտնել էին, որ դրանք ամերիկյան զինվորներ են։ Կառույցը շրջափակեցին։ Այրելուց առաջ յուրաքանչյուր դագաղը բացվում էր, որպեսզի վստահ լինեն, որ դին չեն փոխել։ Մի քանի ժամ տևած կիզումից հետո մոխիրը հավաքեցին արկղի մեջ, որը դրեցին ավտոմեքենայի մեջ ու տարան։ Երկու օր անց՝ գիշերը, մոխիրը Մյունխենի Իզար գետի մեջ լցրին։ Այս իադարձությունը, ևս, խիստ գաղտնիության սահմաններում իրականացավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել