Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը քննում է հափշտակության ամոթալի մի դեպք. օրվա կեսին իսպանացի հայտնի նկարիչ Դալիի «Այրվող ընձուղտը» կտավը հափշտակել են ցուցադրությունից, որտեղ այն կենտրոնական ցուցանմուշն էր։
Գունավոր կտավը գնահատվում է 20 հազար դոլար։ Հափշտակության դեպքն արձանագրվել է արտաքին հսկման տեսախցիկներով. կիրակի ցերեկը սպորտային հագուստով՝ կապույտ շապիկով, շորտերով և գլխարկով անձը մտել է պատկերասրահ։ Երեսուներկու վայրկյան անց նա հանգիստ քայլվածքով դուրս է եկել դռնից՝ արդեն Դալիի կտավը ձեռքին։ Ի դեպ, կտավը փոքր չէ. դրա չափերը 50 սմ x 60 սմ են։
«Սա Սալվադոր Դալիի մեր հատուկ ցուցադրության կենտրոնական ցուցանմուշն էր»,- ABC7 հեռուստաընկերությանը պատմել է պատկերասրահի տնօրեն Անժելա Քելետը։ «Այրվող ընձուղտը» մոլբերտի վրա՝ ցուցադրված էր սրահի կենտրոնում։
«Նրանք մտել էին պատկերասրահ, կտավներն էին դիտում, ամենայն հավանականությամբ՝ աշխատակիցների ուշադրությունը շեղելու համար։ Փախան շատ արագ, մինչև որ նկատեցին նրանց»,- ասում է Քելետը։
Ցուցանմուշը մոլբերտին պետք է ամրացված լիներ պարանով, սակայն խորհրդավոր կերպով անհետացել են և՛ պարանը, և՛ կարաբինը։ Ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյոք հանցագործը նախապես արձակե՞լ է պարանը, թե՞ կարողացել է դա անել սրահում գտնվելու 32 վայրկյանի ընթացքում։
2012թ. Նյու Յորքի պատկերասրահներից մեկից հափշտակվել էր Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիոյի դիմանկարը», որից մեկ շաբաթ անց, սակայն, պատկերասրահի տնօրինությունը այն փոստով հետ է ստացել։ Դիմանկարը հետ է ուղարկվել Եվրոպայի կեղծ հասցեից՝ լիարժեք տեսքով։
XX դարի խոշորագույն նկարիչների աշխատանքների ամենախոշոր հափշտակություններից մեկը մնում է միանգամից երեք նկարիչների՝ Պիկասոյի, Մատիսի, Մոդիլյանիի և Լեժեի կտավների հափշտակությունը Փարիզի ժամանակակից արվեստների թանգարանից։
Դրանց ընդհանուր արժողությունը կազմում է 100 միլիոն եվրո, միգուցե՝ ավելի։ Ոստիկանությունը գտել է գողին, որը հաստատել է, որ, խուճապի մատնվելով, գողոնը նետել է աղբարկղը։



