Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային՝ ուղեկցությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է տիար Գեորգի Գախարիային վարչապետի կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այցը կնպաստի հայ-վրացական դարավոր բարեկամության առավել զորացմանը: Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, որոնք հարուստ են փոխօգնության, զորակցության և միասնական պայքարի բազում վկայություններով՝ հաստատելով, որ դրանք այն ամուր հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցվի և հաստատվի երկու երկրների գործակցությունը:

Հայոց Հովվապետը փաստել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսել է նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրաց ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:

Իր հերթին վարչապետ Գեորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա: Վարչապետն ընդգծել է, որ Եկեղեցին մշտապես ունեցել է իր կենսական և պետականաշինական նշանակությունը և շարունակելու է այդպիսին մնալ: Անդրադառնալով այցի արդյունքներին` պրն. Գախարիան հավաստիացրել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերը լուծվելու են եղբայրական հարաբերությունների հիմքի վրա:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել