Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է եղբայրական Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը և նշել, որ վստահ է՝ Վրաստանում նկատել են, որ իր՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերություններն սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, անմիջական և վստահելի երկխոսությամբ:

«Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Եվ ես ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Ձեր ներկայիս այցը խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին»․-ասել է Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: «Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։

Համակարծիք ենք, որ դրանց համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը հավելել է նաև, որ բարձր են գնահատել երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնա­­ժողովի աշխատանքների վեր­սկսումը և վստահ են, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները:

«Շատ կարևոր էր, որ նիստի շրջանակներում անցկացվեց նաև հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար։ Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից»,-ընդգծել է Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել