ԱԺ-ում Վերստուգիչ պալատի նախագահի ելույթից հետո, կարելի է ասել, ամառը թեժ դարձավ: Ճիշտն ասած, այս ելույթն իմ մոտ ասոցացվեց հայտնի հրեական անեկդոտի հետ, երբ հրեան զանգահարում է ընկերոջը և հարցնում. «Դու երեկ կայի՞ր իմ կնոջ տարեդարձին նվիրված երեկոյին», բնականաբար ընկերը պատասխանում է, որ եղել է: Դրանից հետո հրեան շարունակում է. «Գիտե՞ս, նրա մոտից ադամանդե մատանի է կորել»: Ընկերն այդ լսելով սկսում է արդարանալ. «Երդվում եմ, ես չեմ վերցնել»: Հրեան նորից շարունակում է. «Գիտեմ, մենք հետո գտանք այդ ադամանդե մատանին, բայց համենայնդեպս նստվածքը մնաց, որ դու ես վերցնել այդ մատանին»: Ինչքան էլ  հիմա ասում են, որ այդ ելույթում հնչեցրած մեղադրանքների մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, այնուամենայնիվ, իշխանության ներսում այդ ելույթը լուրջ ցնցում առաջացրեց: Այդ ցնցումը այնքան ուժեղ էր, որ նրան արձագանք տվեց նաև ՀՀ նախագահը, նա հայտնեց իր յուրահատուկ վերաբերմունքը (կարելի է ասել հենց այդ նպատակով իր նստավայրում անցկացրած խորհրդակցության ժամանակ): 
Եվ դա է պատճառը, որ, երբ ձերբակալվեց Արարատի մարզի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը, մամուլը միանգամից հնչեցրեց` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի դեմ կարծես լուրջ արշավ է սկսվել: Որպեսզի ավելի պարզ դառնա` ինչի մասին է խոսքը, Ձեզ եմ ներկայացնում մամուլում հրապարակված նյութերից մեկից մի հատված.

«Նրա ձերբակալման պատճառը թույլ տված չարաշահումներն են, որոնց թվում են վերագրում այն դիզվառելանյութը, որը սուբսիդավորել էր պետությունը, նախ և առաջ անապահով ընտանիքների համար, մինչդեռ բոլորովին վերջերս պարզվեց, որ մոտ 47 հազար տոննան բաժին է հասել Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին: Ըստ որոշ լուրերի՝ Վիրաբյանը նեղ միջավայրում ասել է, որ եթե իրեն բռնեն, անուններ է տալու»:

Հարգելի ընթերցող, այստեղ հատկանշականն այն է, որ մարդիկ այլևս զուգադիպությունների չեն հավատում: Չեն հավատում, քանզի մեզ մոտ նմանատիպ ձերբակալություններն այնքան եզակի բնույթ են կրում, որ բոլորը սկսում են ենթատեքստեր փնտրել: Եվ հենց դա է պատճառը, որ Ֆեյսբուքի օգտատերերից շատերը գրառումներ են անում, որ դա պետք է կապել հետևյալ փաստի հետ. «ՎՊ հաշվետվությունը լսելուց հետո ԱԺ նախագահը ԱԺ ամբիոնից «թալանչիների» և բյուջեն «լափողների» որս հայտարարեց և բացահայտ նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն «այստեղ մեծ անելիք ունի», և տեսեք, օրեր անց ստացավ պատասխան մեսիջը:

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել