«Ինչպիսի՞ն կլինեն կանայք 50 տարի անց». այս հարցին փորձել են պատասխանել աշխարհի տարբեր հետազոտողներ, իսկ մենք ընդհանրացրել ենք նրանց դիտարկումներն ու ներկայացնում ենք ձեր դատին: 

Կդառնան ավելի գեղեցիկ 

Հելսինկիի համալսարանի գիտնականները` Մարկուս Յոկելի գլխավորությամբ, եկել են այն եզրակացության, որ տարիներ անց կանայք ավելի գեղեցիկ կդառնան:

Նրանք վստահեցնում են, որ, ըստ վիճակագրության, գեղեցիկ կանայք ավելի շատ երեխաներ են ունենում, և արդյունքում նրանցից ծնվում են էլ ավելի գեղեցիկ երեխաներ: Սա հատկապես վերաբերում է ծնված իգական սեռի ներկայացուցիչներին: Արդյունքում աշխարհում կմեծանա գեղեցիկ կանանց թիվը, որը ոչ մի կերպ, սակայն, չի վերաբերում տղամարդկանց ժամանակի հետ ավելի գեղեցիկ դառնալուն:

Կանանց թիվը կտրուկ կաճի

Ինչպես ցույց է տալիս Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի էվոլյուցիոն հոգեբանության մասնագետ Սատոշի Կանազաման, ինչքան էլ որ ջանան շատ ընտանիքներ, աղջիկ ունենալու հնարավորությունը նրանց մոտ 26%-ով ավելի մեծ է լինելու միշտ, քան տղա ունենալունը: Արդյունքում 50 տարի անց հնարավոր է, որ գենդերային անհավասար բաշխումն ավելի մեծանա, այսինքն՝ կանայք իրենց թվով մեծապես գերազանցեն տղամարդկանց:

Կանայք ավելի ցածրահասակ ու գեր կդառնան

Կենսաբան Սթիվեն Սթիրնսը վերջերս հետազոտություն անցկացրեց, որի արդյունքում վստահեցրեց, որ 50 տարի անց կանայք շատ ավելի ցածրահասակ ու գեր կդառնան:

Նա, ուսումնասիրելով Մասաչուսեթս նահանգի հիվանդանոցների վիճակագրությունը, նկատեց, որ անսպասելիորեն գեր ու կարճահասակ կանայք շատ ավելի շատ երեխաներ են ունենում, քան բարձրահասակ ու նիհար կանայք: Արդյունքում նրանք գենետիկորեն իրենց աղջիկներին են փոխանցում այդ ֆիզիոլոգիական հատկանիշները, որի արդյունքում տասնամյակներ անց գեր ու ցածրահասակ իգական սեռի ներկայացուցիչների թիվը կտրուկ կաճի:

Ավելի կնմանվեն իրար

Գլոբալացման արդյունքում կանայք ավելի կնմանվեն իրար: Ու սա միայն հագուստին, ոճին չի վերաբերում, այլ նաև դիմագծերին ու գեղեցկության ստանդարտներին, որոնք թելադրվում են բոլորին: Արդյունքում տարբերվող արտաքինով կանայք գնալով առավել հազվադեպ կհանդիպեն: Ըստ հետազոտողների, սակայն, այն վայրերում, որտեղ կանանց տեսքը ադապտացված է իրենց կենսակերպին ու կլիմային ու ընդգծված կերպով տարբերվում է մյուսներից, այդ համընդհանուր նմանվելն ավելի դանդաղ կընթանա:

Չնայած դրան՝ նրանք նաև հավաստիացնում են, որ ամբողջովին իրար նմանվելն, իհարկե, անհնար է, որովհետև ժամանակակից տեխնիկան ու վիրահատությունները, միևնույն է, թույլ կտան փոխել մաշկի, մազերի, աչքերի գույնը: Առհասարակ, ինչ-որ պահի չծնված երեխային արդեն իսկ կարելի կլինի կոդավորել ու դարձնել այնպիսին, ինչպիսին որ դու նրան արտաքնապես կցանկանաս տեսնել ապագայում:

Կմեծանա կանանց ազդեցությունը բիզնես ոլորտում

Նույն Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները վստահեցնում են, որ հաջորդ դարն արդեն կարելի է անվանել մայրիշխանության դար: Կանայք գնալով ավելի շատ են պաշտոններ զբաղեցնում, կարողանում են ղեկավարի հստակ հատկանիշներ ցուցադրել հատկապես բիզնես ոլորտում, ինչի արդյունքում նրանց ազդեցությունը գնալով ավելի ու ավելի կմեածանա: Հայրիշխանությունն այլևս կդառնա հիշողություն, ու մայրիշխանությունը խոր արմատներ կգցի բոլոր երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել