Ճապոնիայի Տոկիո քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա Հիբիկի Սաթոյին՝ Tenshi Tsukinukeni Yomi փոփ խմբի անդամ 21-ամյա Էնա Մաստուոկիի սպանության փորձի համար, գրում է CBS News-ը:

Ոստիկանության տվյալներով, Սաթոն աղջկա վրա հարձակվել է տուն մտնելիս և նրա նկատմամբ ոտնձգություններ է կատարել: Սաթոն փախել է հանցագործության վայրից, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է հսկողության տեսախցիկների միջոցով հաստատել նրա ինքնությունը:

Հանցագործը խոստովանել է, որ աղջկա բնակության վայրը կարողացել է գտնել մանրազնին ուսումնասիրելով նրա Instagram-ի լուսանկարները: Նա խոշորացրել է Մաստուոկիի լուսանկարները և ուսումնասիրել փողոցների արտացոլումը նրա աչքերում: Այնուհետև դրանք համեմատել է Google Street View ծառայության տվյալների հետ և այդպիսով պարզել, թե որ երկաթուղային կայարանի մոտակայքում է նա ապրում:

Բացի այդ՝ նա ուշադրություն է դարձրել վարագույրների դիրքին և տեսանյութերում լույսի անկման անկյանը, որպեսզի հասկանա, թե հատկապես որ շենքում է գտնվում նրա բնակարանը:

Մեկնաբանելով կատարվածը՝ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է. «Մարդիկ պետք է հասկանան, որ սոցցանցերում լուսանկարների և տեսանյութերի հրապարակումն իրենց անձնական տվյալների բացահայտման ռիսկ է առաջացնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել