Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովն արդեն ներկայացրել է Սահմանադրական դատարան, հիմք չեմ տեսնում, որ ՍԴ-ն դիմումը վարույթ չընդունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՍԴ-ն հիմք ունի վարույթ չընդունել ԱԺ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցնելու մասին դիմումը:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Սահմանադրական դատարանի՝ գործը վարույթ չընդունելու հիմքերը սպառիչ սահմանված են օրենքով: Նա վստահություն հայտնեց, որ ՍԴ-ն կղեկավարվի օրենքով:

Հարցին՝ իշխանությունը չի՞ ճնշի ՍԴ դատավորներին անցանկալի որոշում կայացնելու դեպքում, նա պատասխանեց. «Եթե Սահմանադրական դատարանը գործն ընդունի վարույթ և կայացնի որոշում, ապա ՍԴ մասին օրենքի համաձայն՝ ՍԴ որոշումները պարտադիր են բոլորի համար, այդ թվում նաև իշխանության համար: Եվ այն երկրում, որտեղ ՍԴ որոշումը չի ճանաչվում և չի կատարվում, այդ երկիրը պետք է հեռու մնա իրեն իրավական պետություն համարելուց»:

Նա նշեց, որ չի ցանկանում գուշակություններ անել, պետք է սպասել ու հարգել ՍԴ ինքնավարությունն ու հեղինակությունը: «Տեսնենք, թե ինչ որոշում է կայացնում. ինչ որոշում էլ կայացնի, Հայաստանի գործող օրենսդրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, ենթակա չեն բողոքարկման, ենթակա են պարտադիր կատարման: Բայց թե ինչ կանի իշխանությունը, ես չեմ ուզում գուշակությամբ զբաղվել, բայց ճիշտ կլինի, որ իշխանությունը հարգի իր երկրի բարձրագույն դատական ատյանի հեղինակությունը և որևէ ճնշում չգործադրի, սպասի, որ այդ դատարանն իր ներքին համոզմունքով կայացնի օբյեկտիվ, հիմնավորված և արդարացի որոշում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել