«Ֆիզիկական աշխարհի ավարտից հետո կյանքը չի ավարտվում, այլ մարդն իր մեջ կրող էներգիան ձևափոխում է մեկ այլ էներգիայի»,- այսօր հարցազրույցի ժամանակ իր տեսակետը հայտնեց երիտասարդ գրող, հրապարակախոս Արմեն Մխեյանը:
Ցավալի է մտածել ու միևնույն ժամանակ անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա, և քանի որ յուրաքանչյուր մարդ և կենդանի արարած նախևառաջ իր մեջ հսկայական էներգիա է կրում, ապա բանախոսի կարծիքով մահից հետո մարդու էներգիան, որը հենց հոգին է, էներգիայի պահպանման օրենքից ելնելով չի կարող անհետանալ, այլ կարող է ձևափոխվել…
Բանախոսը նշեց, որ էներգիան նաև ինֆորմացիայի կրող է, և այստեղ` այս աշխարհում, որքան շատ ես կարողանում ստանալ տեղեկատվություն, գիտելիք, ապա էներգիայի ձևափոխությունից հետո մեծանում է հնարավորությունը էլ ավելին տանելու այս նյութական աշխարհից, քան կարող ես մտածել:
Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` Արմեն Մխեյանը նշեց, որ փորձում է իր պատմվածքներում ներդնել նաև փիլիսոփայական գաղափարներ` իր արձակ ստեղծագործություններից առանձնացնելով «Վերջին բաբախյունը» պատմվածքը:
Մանրամասնելով պատմվածքի սյուժեն` հեղինակը նշեց, որ այն գրվել է իր համար բավականին ծանր հոգեբանական պայմաններում, և գուցե այդ է եղել պատճառը, որ պատվածքը շատ հուզիչ է, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցավոտ, քանի որ ընթերցողներից շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքները: Ամեն դեպքում ցանկացած ստեղծագործություն, որքան էլ այն տխուր լինի, ինքը փորձում է ավարտել դրականի, գեղեցիկի և բարու հաղթանակով: Ինչը փորձել է անել նաև «Վերջին բաբախյունը» պատմվածքի դեպքում:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2013/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել