Hraparak.am-ը գրում է.

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում եւ մամուլում: Մի իսկական «բոլոլա է ու ահավոր բազառ»։ Գնահատականներն ամենատարբեր են՝ սկսած նրանից, որ նա իրեն պահում է ոչ թե որպես Արցախի նախագահի թեկնածու, այլ՝ խուլիգան։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտնել է, որ ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: Ղարաբաղյան արմատներով Գրիգորյանն ամփոփել էր ղարաբաղցիների հայտնի խոսքով․ «Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»։ «Սասնա ծռեր»-ն են հայտարարել, որ գեներալ Բալասանյանի հայտարարությունում հանցակազմ կա իրենց՝ «Սասնա ծռերի» նկատմամբ։

Բալասանյան-Հայաստանի իշխանություններ հերթական ռաունդին, ի պաշտպանություն Բալասանյանի, ձայներ եւս հնչեցին, ըստ որում՝ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Աղվան Վարդանյանը, օրինակ, Բալասանյանին վիրավորած Գրիգորյանի մասին ասաց, որ ժամանակը ջնջում է փոքրերին։ Ղարաբաղից պատգամավոր Արզիկ Մխիթարյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Արցախի հերոսի մասին այդպես խոսել։

Եվ անգամ ադրբեջանական Haqqin.az-ն անդրադարձավ թեմային․ «Փաշինյանին սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ․ քաղաքացիական պատերազմն Արարատ լեռան հետեւում չէ»։

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Բալասանյանի հայտարարությունները կարող են ունենալ նաեւ իրավական հետեւանքներ․ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի արած հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ «Հրապարակը» զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

- Արցախում, պարոն Բաբայան, ինչպե՞ս են դիտարկում այս բանավեճն ու Բալասանյանի տեղացած սպառնալիքները։

Նախ ասեմ, որ Բալասանյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն պաշտոնական Ստեփանակերտի հետ, Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ։ Ես ասում եմ՝ Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, նզովքների դաշտ։ Որեւէ մեկն իրավունք չունի՝ իր պահվածքով, իր քայլերով, զգացմունքներով։ Արցախը սրբություն է, եւ բոլորը պարտավոր են այդ սրբությունը պահպանել․․․ լինի Արցախից, հատկապես՝ Արցախից։ Ով ուզում է լինի։ Հետեւաբար, սա պարոն Բալասանյանի խիստ անձնական կարծիքն է։ Եվ ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես անձնավորություն, կարծում եմ, որ անթույլատրելի է մեկը մյուսին անպատվելը, խախտել մեր միասնականությունը, մեկս մյուսի հետ թշնամանալը։ Միգուցե պետք է քննադատություն, բայց այն պետք է լինի կառուցողական, որպեսզի օգնի, այլ ոչ թե անեծքների տեսքով լինի։ Սա մեր միասնականությունն է թուլացնում։ Ամեն ինչ փորձել ենք, հիմա դա է, հա՞, մնացել։ Դատապարտելի է ցանկացած արարք, որը թուլացնում է մեր միասնականությունը, երբ ինչ-որ շիզոֆրենիկ հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են․․․ կամ՝ ոտնձգությունները կա՛մ մայր Հայաստանի, կա՛մ Արցախի նկատմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել