Թուրքիայում նախընտրում են լռել հայերի՝ թուրքական պետականության և մշակույթի ստեղծմանն ունեցած մասնակցության մասին։ Սակայն նման հայերից մեկի մասին լռել, միևնույն է, չի հաջողվում։ Խոսքը գնում է ժամանակակից թուրքերենի հիմնադրի՝ Հակոբ Մարթայանի մասին, կամ, ինչպես թուրքերն են նրան անվանում, Հակոբ Դիլաչարի։

Հայ ազգի ականավոր ներկայացուցիչը ծնվել է 1895թ. մայիսի 22-ին Կոստանդնուպոլսում։ Սովորել է Կոստանդնուպոլսի ամերիկյան դպրոցում, այնուհետև՝ քոլեջում դասավանդել անգլերեն, ապա՝ դարձել տնօրեն։

Վերջերս թուրք պրոֆեսոր, քաղաքագետ Ջունեթ Արալընը Aydınlık պարբերականում «Հակոբ Դիլաչար՝ մարդ-գլուխգործոց» խորագրով հոդված է  հրապարակել, որը նվիրված է հայ նշանավոր լեզվաբան Հակոբ Մարթայանի կյանքին ու գործունեությանը։

Թուրք հեղինակը գրում է, որ Հակոբ Մարթայանը Թուրքական լեզվաբանական հանրության առաջին քարտուղարն էր, ով, բացի հայերենից ու թուրքերենից, տիրապետում էր նաև անգլերենին, հունարենին, իսպաներենին, լատիներենին, գերմաներենին, ռուսերենին ու բուլղարերենին։ 1934թ., երբ Թուրքիայում ազգանունների մասին օրենք ընդունվեց, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթյուրքի կողմից Հակոբ Մարթայանը ստացավ «Դիլաչար» ազգանունը, որը թարգմանվում է որպես «լեզվի բանալի»։ Հետագայում Հակոբն իր բոլոր աշխատանքները ստորագրել է որպես A. Dilaçar։

«Ափսոս, որ մենք բավականաչափ տեղեկություններ չունենք ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Դիլաչարի մասին, ով թուրքական մշակույթի համար կարծես ընծա լիներ։ Օրինակ՝ նա առաջինն է Մուստաֆա Քեմալին առաջարկել կրել «Աթաթյուրք» ազգանունը»,- նշում է Արալընը։

Պրոֆեսորն անդրադառնում է Աթաթյուրքի ու Մարթայանի առաջին հանդիպմանը՝ նշելով, որ այն կայացել է Դամասկոսում։ Առաջին աշխարհամարտի տարիներին Մարթայանն ուղարկվել է արևելյան ճակատ, իսկ Կովկասյան ճակատում կատարած աշխատանքի համար պարգևատրվել է մեդալով. նա այնտեղ գերմանացի սպաներին թուրքերեն էր սովորեցնում։

Արալընը հայտնում է, որ Հակոբին անհանգստացրել էր այն փաստը, որ Մուստաֆա Քեմալին իրեն նեկայացնում են որպես «լրտեսի»։ Նման մեղադրանքի պատճառն այն էր, որ Հալեպում նա բրիտանացի սպաներից մեկի հետ անգլերեն էր խոսել։ Մուստաֆա Քեմալը Մարթայանին հարցրել է, թե ինչու վերջինս, մյուս սպաների օրինակին հետևելով, չի փախել, և հայը պատասխանել է. «Եթե ես չեմ փախել Կովկասյան ճակատից, նշանակում է՝ չէի փախչի նաև Դամասկոսի փողոցներից»։

Մարթայանի մոտ այդ ժամանակ մի գիրք է եղել, որն էլ հետաքրքրել է Քեմալին և դարձել նրանց երկար զրույցի առիթը.

«Թուրքերենի մասին Հակոբի նկատառումներն ու այդ գիրքը մեծ տպավորություն թողեցին Քեմալի վրա։ Նա առաջին անգամ էր տեսնում լատինատառով գրված թուրքերեն բառեր»։

Հեղինակը նշում է, որ Աթաթյուրքն ու Մարթայանը երկրորդ անգամ հանդիպել են 1932թ.՝ Թուրքական լեզվագիտական կոնգրեսի ժամանակ, և հենց այդտեղ էլ սկիզբ է դրվել յուրօրինակ ընկերության։

«Մարթայանն այնքան խորը գիտելիքներ ուներ թուրքերենի վերաբերյալ, որ մեզանից շատերն անգամ պատկերացնել չեն կարող»,- նշում է հոդվածի հեղինակը։

Վերջինս մեծ բացթողում է համարում այն, որ մինչ օրս Ստամբուլում կամ Անկարայում տեղադրված չէ Հակոբ Դիլաչարին նվիրված հուշարձան. չէ՞ որ վերջինս էական նշանակություն ու ներդրում է ունեցել Թուրքիայի մշակութային կյանքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել