Երկրաշարժ,   շենքեր, ամրակայել, Mardik.am-ը գրում է.

Հարևան երկրում` Իրանում, պարբերաբար տեղի ունեցող  երկրաշարժերը մեր  հասարակության մի զանգվածին մտահոգելու տեղիք են տվել, էլ չենք խոսում  երբեմն-երբեմն հրապարակվող  այն հայտարարությունների մասին, թե Սպիտակի երկրաշարժի կրկնվելու դեպքում կունենանք մեծ ավերածություններ: Թե որքանով են նման  հայտարարությունները  համապատասխանում իրականությանը, պարզեց mardik.am-ը` զրուցելով  ԱԻՆ սեյսմիկ  պաշտպանության ծառայության   գործակալության պետ Հրաչ Պետրոսյանի և ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի հետ:

Հրաչ  Պետրոսյանը հիշեցրեց, որ Իրանում Ահարի ուժեղ երկրաշարժից հետո  լինում են հետցնցումներ,  ընդ որում` ցանկացած ուժեղ երկրաշարժից հետո մոտ մեկ տարի  հետցնցումներ  լինում են: Նույնը կարելի է ասել Վանի երկրաշարժի  ու Ադրբեջանի Զակատալայի երկրաշարժի մասին: Բացի սրանցից` ակտիվ վիճակում են Իրանի Խոյի օջախը  և  Հայաստան- Վրաստան սահմանին գտնվող Ջավախքի  ակտիվ խզվազքը: «Հայաստանում վերջերս եղել է երկու թույլ ցնցում, էպիկենտրոնում` երեք, մյուսը` չորս բալ ուժգնությամբ: Ավելի վատ կլիներ մեզ համար, եթե այս ցնցումները չլինեին»,- մանրամասնեց պրն Պետրոսյանը` հավելելով, որ այս  ցնցումների շնորհիվ ինչ-որ կերպ լիցքաթափվում է երկրակեղևը:

Անդրադառնալով այն  հայտարարություններին, թե Սպիտակի երկրաշարժի դեպքում   մեր շենքերի 80%-ը կավերվի, Հրաչ Պետրոսյանը հերքեց  դա` ասելով, որ դրանք խոհանոցային, նարդի խաղացողների   խոսակցություններն  են, որոնք անտեղի խուճապի մեջ են գցում մարդկանց:

Հրաչ Պետրոսյանը հիշեցրեց, որ այս տարի ավարտվել է Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի  գնահատման հայ-ճապոնական համատեղ  ծրագիրը, որի վրա   իրենք և ճապոնացիներն աշխատել են երկու տարի: «Այս ծրագրում չի  խոսվում 80% կորուստների մասին: Այդ ծրագրի արդյունքների համաձայն` բնակելի շենքերի վնասը (ամբողջությամբ կփլուզվի  կամ ծանր կվնասվի )  «Գառնու խզվածք 2» երկրաշարժի սցենարի դեպքում,  եթե լինի 8-9 բալ երկրաշարժ, բազմահարկ շենքերի վնասը կկազմի 20%,  սեփական տներինը`33%,  իսկ բնակելի միավորներինը` ( բնակարան կամ շինություն) 21%: Մյուս  սցենարի դեպքում, որը կոչվում է «Գառնու խզվածք 3»,  եթե լինի մինչև յոթ բալ  ուժգնությամբ երկրաշարժ, որի մագնիտուդը, ըստ Ռիխտերի սանդղակի, 7,0 է, ամբողջությամբ կփլուզվի  կամ ծանր կվնասվի բազմահարկ շենքերի ութ տոկոսը, սեփական տների 16%-ը,  բնակելի միավորների`8%-ը:

 Հիմա տուժածների մասին ասեմ`«Գառնու խզվածք 2» սցենարի դեպքում  կունենանք 2,8%  մահացածներ, վիրավորների  թիվը կլինի 6,8%: «Գառնու խզվածք 3»  սցենարի դեպքում, որն,  ի  դեպ, երկրաշարժի ավելի մեղմ սցենար է, կունենանք  մեկ տոկոս մահացածներ, իսկ վիրավորների թիվը կլինի 2,8%»,- մանրամասնեց Հրաչ Պետրոսյանը:

Թեև ներկայացված թվերը  80%-ի չեն հասնում,  բայց դրանք  դարձյալ մտահոգիչ  են: Հրաչ Պետրոսյանն առաջարկում է առաջիկայում գնահատել  Երևան քաղաքում հնարավորինս  բոլոր շենքերի  սեյսմիկ խոցելիությունն ու սեյսմակայունությունը. «Մինչ այժմ  այդ աշխատանքն արվում է և´ մարզերում, և´ Երևանում, բայց աշխատանքը շատ է, մասնագետները` քիչ: Մի տարում Երևանի բոլոր շենքերի սեյսմակայունությունը  հնարավոր չէ պարզել»:

Mardik.am-ը զրուցեց նաև ԱԻՆ շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանի հետ: Վերջինս  առաջնորդվում է հետևյալ սկզբունքով`  մեր քաղաքացիներից ճշմարտությունը պետք չէ թաքցնել, բայց պետք էլ չէ  նաև ժողովրդին ահաբեկել:  Ըստ մասնագետի` մեզ համար մինչև յոթ բալ ուժգնությամբ  երկրաշարժը վտանգավոր չէ,  վտանգավոր են  8-9-ը բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը, որոնց դեպքում կունենանք ողբերգական պատկեր: Յոթ բալ երկրաշարժի  դեպքում խնդիր կունենանք միայն  վթարային 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի շենքերում:

Գուրգեն Նամալյանի խոսքով` վերջին 20 տարում Հայաստանում մեր շենքերի անձնագրավորում չի եղել, այն դեպքում, երբ  դա պետք է արվի 5-10 տարին մեկ: Մենք չգիտենք` շենքերի քանի տոկոսն է վթարային, քանիսը` ոչ: «Թեև քաղաքապետարանը ունի որոշ տվյալներ վթարային շենքերի մասին,  բայց ես դրանց չեմ հավատում,քանի որ եթե անձնագրավորում չի արել, հստակ թվի մասին ինչպես կարելի է  խոսել»,- մանրամասնեց պրն Նամալյանը:

Մասնագետի խոսքով`  Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի հյուսիսային հատվածում` Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում,  շատ շենքեր վերակառուցվեցին, մի մասն էլ ուժեղացվեց,  որի շնորհիվ մեծամասամբ լուծվեց շենքերի սեյսմակայունության հարցը: «Իսկ Երևանում շատ քիչ շենքեր են ամրակայվել, ընդհանուր առմամբ մենք  գործ չեք արել»,-  հիշեցնում և զգուշացնում է մասնագետը:

Պատկան մարմինների այն արդարացումները, թե  շենքերի ամրակայման համար անհրաժեշտ են մեծ գումարներ, ըստ Նամալյանի ճիշտ է. « Շենքը կարելի  է ամրացնել և´ ավանդական, և´ ժամանակակից մեթոդներով, օրինակ եթե օգտվենք  վերին դինամիկական մարիչի եղանակով ամրակայման մեթոդից, մեկ շենքի համար անհրաժեշտ է  մոտավորապես 120.000-150.000 դոլար»:

Գուրգեն Նամալյանի խոսքով` ինքը մոտ հինգ տարի առաջ  կառավարություն է ներկայացրել «Երևան քաղաքի հատուկ  և կարևոր նշանակության օբյեկտների ( ԱԻ նախարարության, ոստիկանության շենքերը, ԱԺ-ը, մի քանի նախարարություններ, ինչպես նաև Երևանի վթարային 25 շենքեր),սեյսմիկ խոցելիության   գնահատման»  մոտ 30 մլն դրամի ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության կողմից, բայց  սայլը տեղից չի շարժվում, ֆինանսավորում չկա ծրագիրն իրականացնելու համար:

Սպիտակի երկրաշարժից անցել է արդեն 25 տարի, սակայն  մեր քաղաքացիներից քչերն են, ովքեր բնակարան գնելիս  ուշադրություն են դարձնում շենքի սեյսմակայունությանը: «Աշխարհի զարգացած երկրներում, որոնք գտնվում են սեյսմաակտիվ տարածաշրջանում (ԱՄՆ, Իտալիա, Ճապոնիա), բնակարանի առքուվաճառքի ժամանակ գնորդն անպայման   պահանջում է սեյսմակայունության մասին եզրակացություն: Եթե մի շենքի սեյսմակայունությունն անբավարար է, ապա դրա գինը երկու անգամ  էժան է: Այս կուլտուրան մեզ մոտ չկա: Մեզ մոտ միայն Սպիտակից կամ Գյումրիից եկողներն են հետաքրքրվում շենքի սեյսմիկ անվտանգությամբ»,- եզրափակեց Գուրգեն Նամալյանը:

Հ.Գ. Փաստորեն, հիմք ընդունելով մասնագետների մտահոգությունը` մեր կառավարությունն իրոք դեռ շատ անելիքներ ունի այս առումով: Հասկանալի է, որ համատարած այս ատկատների ու թալանի պարագայում  սեյսմիկ ծրագրերն իրականացնելը պետբյուջեի փողերով իրոք դժվար է կամ գուցե անհնարին, բայց գոնե  եվրոպական այս կամ այն կառույցից վարկ  կամ դրամաշնորհ ստանալուց հետո  պատկան մարմինները   պետք է  հիշեն Սպիտակի ավերիչ երկրաշարժը, դրա հետևանքները և այդ գումարները  նաև սեյսմիկ  խնդիրների լուծման համար հատկացնեն, Աստված մի արասցե, երկրորդ աղետի գոտի  մարդկային մեծ կորուստներ չունենալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել