Բարձրաստիճան պաշտոնյաների ու երկրի ղեկավարների երեխաներին ներքաղաքական թեմաներին խառնելը և նրանց անունները շահարկելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Սակայն նկատենք, որ այդ կեղտոտ մշակույթը ներմուծողներից մեկը եղել է ներկայիս վարչապետը, ով, անդրադառնալով նախկին պաշտոնյաների զավակների գրանցած հաջողություններին, նշում էր, թե վերջիններս, լինելով պաշտոնյայի զավակ, հավելյալ աջակցություն են ստացել և դրա հաշվին են հաջողել, ոչ թե իրենց ունակությունների։ Երեկ պարզ դարձավ, որ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը Մարիամ Փաշինյանինն էր: Ի դեպ, այն կյանքի կոչելու համար ահռելի աշխատանք և գումարներն են անհրաժեշտ, բայց, ինչպես հասկացաք, վարչապետի 20-ամյա դուստրը «միակ խելացի ու կայացած մասնագետն էր», ով, մեկ տարի աշխատելով «Digitain» (TotoGaming) ընկերությունում, գրանցեց նման «շռնդալից» հաջողություններ և ստացավ այս նախագիծը ներկայացնելու հնարավորություն։

Իհարկե, բնական է, որ պետության ղեկավարների երեխաները գտնվում են տարբեր շրջանակների ուշադրության կենտրոնում և կամա թե ակամա օգտվում են որոշակի արտոնություններից։ Իրականում խնդիրն այն չէ, որ Մարիամն օգտվում է վարչապետի դուստր լինելու իր կարգավիճակից ու իրավիճակը ծառայեցնում է ի նպաստ իրեն։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես միշտ, կիրառվում են երկակի ստանդարտներ․ Նիկոլն իր ողջ գիտակցական կյանքում քաղաքականացրել ու քննադատել է պաշտոնյաների զավակների գրանցած հաջողություններն ու կասկածի տակ դրել դրանք, բայց երբ հերթը հասել է իր դստերը, վարչապետը խնդիր չի տեսնում։ Փաշինյանը շարունակ խոսում է արդարությունից ու հավասարությունից, սակայն շատ հանգիստ է վերաբերվում իր 20-ամյա դստեր ակնհայտ արհեստական առաջընթացին, ինչը բնորոշ է անսկզբունքային մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել