Առաջին բանը, որ պետք է հիշեք, այն է, որ չի կարելի հետիոտնի համար կանաչ լույսը միանալուց հետո անմիջապես անցնել փողոցը: Ավելին ասեմ. ավելի անվտանգ է վազելով անցնել փողոցը, երբ կարմիր լույս է վառվում, և չկանգնել ոչ մի պարագայում, անգամ եթե գետնին եք գցել դոլարներով լի ձեր դրամապանակը: Մնացած առումներով Մոսկվան հիանալի քաղաք է, որն արժե այցելել:
Զգուշացեք ջիգիթներից
Ռուսաստանի մայրաքաղաքի ամենավտանգավոր տեղերը փողոցային անցումներն են, հատկապես այն անցումները, որոնց վրա լուսացույցներ կան տեղադրված: Ռուսաստանում կա տարածված մի պատմություն օտարերկրացի մի զբոսաշրջիկի մասին, ով Հյուսիսային Կովկասի քաղաքներից մեկում տաքսի է նստում: Տաքսու վարորդը, ինչպես և ընդունված է տաքարյուն լեռնցու համար, ամեն անգամ տեսնելով կարմիր լույսը, գոչում էր` «Ես ջիգի՛թ եմ», ու ավելի էր արագացնում մեքենայի ընթացքը: Սա կրկնվում է մի քանի անգամ, մինչև մի խաչմերուկում մեքենան կանգնում է, չնայած որ կանաչ լույս է վառված լինում լուսացույցին: «Ի՞նչ է պատահել», - հարցնում է խելահեղ ընթացքից շփոթված զբոսաշրջիկը: «Այնտեղ ևս ջիգիթ է անցնում», - ասում է վարորդը՝ ցույց տալով խաչվող փողոցը:
Մի մտածեք, որ նման ջիգիթների հետ հանդիպելու համար անպայման է գնալ, հասնել Կովկաս: «Բելոռուսսկայա» գնացքի կայարանի մոտ գտնվում է հետիոտների շատ բանուկ անցում, որտեղ նաև լուսացույց կա տեղադրված: Սա հատկապես վտանգավոր տեղ է, որովհետև մեքենաները թափ հավաքելով դուրս են գալիս այդ անցման մոտ շրջադարձից: Սա էլ հերիք չէ, նրանց տեսադաշտը փակում է բարձր պատնեշը, որը կառուցված է ճանապարհի երկայնքով: Սակայն հետիոտներին սա կարծես չի հուզում, որովհետև նրանք երամակներով անցնում են փողոցը կարմիր լույսի տակ: Եվ օ՜ զարմանք, ոչինչ էլ չի պատահում... Համենայն դեպս, ինձ ոչ մի ՃՏՊ կամ վրաերթ տեսնել չի հաջողվել, չնայած նրան, որ ես այնտեղ հաճախ եմ լինում: Վարորդները հայհոյելով, բայց կանգնեցնում են իրենց մեքենաները՝ ճանապարհը զիջելով հետիոտներին, թեև կանաչ լույսը մեքենաների համար է վառված լինում:
Տարօրինակը սակայն այն է, որ հենց վառվում է հետիոտների համար նախատեսված կանաչ լույսը, ոչ ոք չի շտապում փողոցն անցնել, որովհետև մարդիկ գիտեն, որ հենց այդ պահին կարող է հայտնվել վերոնշյալ ջիգիթի պես մեկը, և կարծես դրա ապացույց` նույն պահին անցման վրա բարձր արագությամբ դուրս են գալիս մի քանի մեքենաներ: Եվ այս պատկերը մենք կարող ենք տեսնել մոսկովյան գրեթե բոլոր խաչմերուկներում, ուստի արեք հետևություն. փողոցն անցնելիս սպասեք թող մի քանի վայրկյան անցնի կանաչ լույսը վառվելուց հետո, համոզվեք, որ մոտակայքում ջիգիթներ չկան, նոր արագորեն անցեք փողոցը:
Ոստիկանության օգնության վրա հույս դնել չարժե, չնայած նրան, որ դա հենց ոստիկանության գործն է՝ հետևել ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից կարգուկանոնի պահպանմանը: Օրեր առաջ ինքս ականատես եղա, թե ինչպես մի տարեց մարդ, մի կերպ խուսափելով ջիպի անիվների տակ հայտնվելուց, մոտեցավ մոտակայքում կանգնած ոստիկանին, ով այդ ողջ ընթացքում ուշադրությամբ հետևում էր ծավալվող իրադարձություններին, և փորձեց բողոքել: Իրավապահը խիստ զարամացավ, երբ պարզեց, որ մարդը իրենից ինչ-որ բան է ուզում, և խորհուրդ տվեց մահվանից մազապուրծ եղած մարդուն ... «Դիմել ոստիկանություն»:
Զգուշացեք դոլարներից
Մոսկվայում և առհասարակ՝ հետխորհրդային ողջ տարածքում, Ձեր դիմացից անցնողի գրպանից մեկ էլ կարող է դոլարների կապոց ընկնել: Անձամբ ինձ հետ դա պատահել է մի քանի անգամ: Սա վատ նշան է, քանի որ դա նշանակում է, որ տեղացիներն ի դեմս Ձեզ միամիտի են տեսնում: Դուք ռեֆլեքսորեն կռանում ու բարձրացնում եք գումարը, որպեսզի վերադարձնեք տիրոջը, սակայն հայտնաբերում եք, որ նա անհետացել է: Փոխարենը, Ձեզ արագորեն մոտենում է մեկ այլ անցորդ ու ոգևորված սկսում է համոզել Ձեզ. «Օհո՜, մենք լիքը փող ունենք, արի անցնենք մի հանգիստ տեղ ու կիսենք գումարը»:
Այստեղից արդեն սկսվում է հետաքրքիրը. անկյունում որտեղից որտեղ հայտնվում է փողը կորցրած անցորդը և պահանջում է վերադարձնել իր փողը, և երբ Դուք վերադարձնում եք, նա անմիջապես հաշվում է փողը և սկսում է գոռալ, որ Դուք լրիվ չեք վերադարձրել: Աղմուկի վրա Ձեզ է մոտենում ոստիկան և հայտնում պատրաստակամություն՝ Ձեզ բաժին տեղափոխելու: Շփոթված ու շոկի մեջ գտնվող մարդը ընդհանրապես խուճապի է մատնվում, երբ պատկերացնում է, որ կարող է հայտնվել ուղղիչ հաստատություններում և այդպիսի հոգեվիճակում պատրաստ է վերադարձնել ոչ միայն գտածը, այլև իր մոտ եղած ողջ գումարը: Այնպես որ, հետևություն. զգուշացեք ուղիղ Ձեր ոտքերի տակ ընկնող դոլարներից:
Ձեզ հետ արտասահմանից բերված արտարժույթից ևս զգույշ եղեք: Մոսկվայի կենտրոնը գերհագեցած է տարադրամի փոխանակման կետերով: Օրինակ՝ Տվերսկոյ փողոցը ծայրից ծայր հեղեղված է էլեկտրոնային ցուցատախտակներով, որոնց վրա կարմիր լույսերով գրված է դոլարի ու եվրոյի կուրսը:
Սակայն զավեշտը նրանում է, որ դրանք չպետք է լինեն այնտեղ, որովհետև դեռ երկու տարի առաջ դրանց գործունեությունն արգելվեց օրենսդրորեն: Սակայն, ինչպես սիրում են ասել ռուսաստանցիները. «Մեր օրենքների խստությունը կոմպենսացվում են դրանց ենթարկվելու ոչ պարտադիր լինելով»: Այնպես որ, տարա0դրամի փոխանակման կետերը պարզապես անվանափոխվեցին ու սկսեցին կոչվել «Օպերացիոն կասսաներ» և շարունակում են աշխատել այնպես, ինչպես աշխատել են և խաբել այնպես, ինչպես խաբել են:
Ամենատարածված հնարքը հաճախորդին փոխարժեքի բարձր արժեքով գերելն է: Ցուցանակի վրա գրված թվերը գայթակղում են, հուշում են, որ այս կետում արտարժույթն ավելի թանկ կարելի է փոխանակել ռուբլիներով, քան հարևան կետերում: Մարդը ներս է մտնում, տալիս է արտարժույթը և արդեն ստացած ռուբլիները հաշվելիս հայտնաբերում է, որ իրական կուրսը շատ ավելի ցածր է, իսկ երբ բարձրաձայնում է դրա մասին, ապա պարզում է, որ բարձր կուրսը նախատեսված է արտարժույթի խոշոր չափերի փոխանակման դեպքում: Ընդ որում, այդ դրույթը ևս գրված է ցուցանակի վրա, պարզապես շատ փոքրիկ տառերով:
Ես ինքս եմ հայտնվել նման իրավիճակում, երբ որոշեցի ռուբլի գնել փոխանակման մի կետից, որը շատ լավ կուրս էր առաջարկում 1000 դոլարից ավել գումար փոխանակելու դեպքում: Ես որոշեցի փոխել 1100 դոլար և պատուհանի այն կողմում նստած աղջիկը ինձ փոխանցեց իմ ակնկալածից էականորեն փոքր գումար: Ես սկսեցի բղավել, իսկ ինքն ինձ հանգիստ բացատրեց, որ լավ կուրսը սկսվում է ոչ թե հազար, այլ տասը հազար դոլարից, ինչը գրված է հենց ցուցանակի վրա: Այդպես էլ կար. մինչ ես դուրս կգայի ստուգելու, աղջիկն իր համակարգչից արագորեն ևս մեկ 0 ավելացրեց ցուցատախտակի վրա, ու ի՞նչ կարող էի անել ես:
Ըստ էության, աղջիկը հանցագործություն էր արել, քանի որ ռուսական օրենսդրությունն արգելում է տատանել փոխարժեքի կուրսը՝ կապված փոխանակվող գումարի չափսից, բայց այստեղ գործում է «Օրենքի խստության» փոխհատուցման սկզբունքը և արտարժույթի փոխանակման կետերում ոնց խաբում էին հաճախորդներին, այնպես էլ շարունակում են խաբել:
Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ձեր մոտի արտարժույթը փոխանակել ամենուրեք հանդիպող Սբերբանկի մասնաճյուղերում, որտեղ թեև ավելի ցածր կուրս է, քան փոխանակման կետերում, բայց գոնե չեն խաբում հաճախորդներին:
Ի դեպ, Ռուսաստան ավելի լավ է այցելել կանխիկ գումարով, ոչ թե բանկային քարտերով, որովհետև Ռուսաստանում տարածված է բանկային քարտերի կեղծումը բանկոմատներում:
Տաքսի Ջիհադ
Մոսկվայով տաքսիով տեղաշարժվելը հատուկ արվեստ է: Այստեղ կան աստիճանաբար զարգացող տաքսի ծառայություններ, բայց որպեսզի դրանցից օգտվես, մեքենան պետք է պատվիրել մի քանի ժամ առաջ, այլապես վարորդը չի հասցնի հասնել Ձեզ մոտ անդադար խցանումների պատճառով:
Նման իրավիճակում անփոխարինելի են դառնում այսպես կոչված «բոմբիլաները»՝ մարդիկ, ովքեր շրջագայում են քաղաքով իրենց անձնական մեքենաներով և ուղևորներ են փնտրում: Բավական է կանգնել ճամփեզրին ու ձեռքը բարձրացնել, և Ձեզ մոտ անմիջապես կկանգնի մի որևիցե մեքենա, որով կարող եք գնալ ցանկացած տեղ՝ խելամիտ վարձատրության դիմաց:
Նման ուղևորությունը կարող է հետաքրքիր արկածի վերածվել, որովհետև Ձեր բոմբիլան կարող է լինել, օրինակ, գիտությունների թեկնածու, ինչ-որ գիտահետազոտական լաբորատորիայի ինժեներ կամ էլ պոետ, ով ոգեշնչվում է շրջագայելով քաղաքում: Մի խոսքով, չեք ձանձրանա:
Սակայն այս բիզնես էլ ներթափանցել են ջիգիթները՝ Կովկասից ու Անդրկովկասից ժամանած աշխատանքային միգրանտները: Նրանք մի քանի հազար դոլարով ժիգուլի են գնում և սկսում են երթևեկել իրենց համար բացարձակապես անծանոթ քաղաքով: Մի անգամ ինձ բախտ վիճակվեց հայտնվել մոսվայաբնակների լեզվով ասած նման մի տաքսի-ջիհադում: Վարորդը սլանում էր ինչ-որ անհասկանալի փողոցներով և երբ վերջապես հասկացավ, որ մոլորվել է, կոտրտված ռուսերենով ասաց ինձ. «Թիֆլիսում ես քեզ մի րոպեում տեղ կհասցնեի, ես այնտեղ արծիվ եմ»:
Երթևեկել սովետավարի
Հարց է, թե Մոսկվայի ինչի՞ն են պետք բոմբիլաներն ու տաքսի-ջիհադները, եթե դեռ «Ադամանդե ձեռքը» կուլտային ֆիլմում հնչում է թևավոր դարձած «наши люди в булочную на такси не ездят» միտքը: «Մերոնցականների» համար ավելի կիրառական է Լենինի անվան Մոսկվայի մետրոպոլիտենը՝ աշխարհի եթե ոչ լավագույն, ապա ստորգետնյա տրանսպորտային ցանցերից լավագույններից մեկը:
Մետրոն սկսեցին կառուցել դեռ Ստալինի օրոք՝ օրական 4 միլիոն ուղևոր փոխադրելու հաշվարկով, իսկ այսօր այն տեղափոխում է 9 միլիոն մարդ և կարողանում է լուծել այդ խնդիրը: Թե որքանով է կարևոր մետրոն, կարելի է տեսնել ամեն անգամ, երբ այն դադարեցնում է իր աշխատանքը վթարների կամ ահաբեկչությունների պատճառով. այդժամ ողջ Մոսկվան պարալիզվում է:
Մոսկվայաբնակներից նաև կարելի է սովորել նրանց սովետական գաստրոնոմիկ ավանդույթներին վերադառնալու տենդենցը: Իհարկե, քաղաքում կան բազմաթիվ թանկարժեք ռեստորաններ՝ հին «Яр»-ի պես, որտեղ ստերլյադ ու սև ձկնկիթ էր ճաշակում դեռ Պուշկինը: Այսօր նման ռեստորաններում մատուցում են նույն այդ ուտեստները՝ աստղաբաշխական գներով:
Մինչդեռ, երիտասարդ ու դեռ ամբողջովին չկայացած մոսկվացիները օգտվում են այսպես կոչված «пбщепит»-ներից, որոնք իրենցից ներկայացնում են դեռ սովետական ժամանակներում հիմնված հանրային սնվելու վայրեր, բուֆետներ: Վերականգնվում են նաև ձեռնարկություններում գործող ճաշարանների ավանդույթները, որտեղ մի 200 ռուբլով կարելի է բավականին հաճելի միջավայրում ճաշել, իսկ դա ոչ ավել, ոչ պակաս մի 5 անգամ ավելի էժան է, քան ռեստորանում: Էլի մոդա է սովետական «ֆաստ-ֆուդը». պելմենիանոցներ և կարկանդականոցներ, որտեղ տալիս են համապատասխանաբար տարբեր միջուկներով պելմենիներ ու կարկանդակներ: Այստեղ, ճիշտ է, ներքին հարդարանքը շատ համեստ է, բայց փոխարենը էժան է ու անվտանգ. համենայն դեպս, պելմենիներից ու կարկանդակներից մասսայական թունավորման դեպքեր Մոսկվայում չեն գրանցվել:
Ի դեպ, արդի Մոսկվայում նման հաստատությունները հաճախ են իրենց անվանումներում օգտագործում «սովետական» բառը, ինչը թեև այդքան էլ ճիշտ չէ գաղափարախոսական տեսակետից, սակայն լրիվ արդարացված է մարկետինգի տեսակետից, որովհետև մարդիկ, կարդալով այդ կախարդական բառը, արդեն գիտեն, որ այդտեղ կարող են էժան գնով ճաշակել համեղ ու որակյալ սնունդ:
Ափսոսում եմ միայն, որ Լենինգրադյան պողոտայում այդպես էլ չթույլատրեցին «Հակասովետական խորովածանոց» անունով սնվելու կետ բացել. իշխանությունները հայտարարեցին, որ նման անվանումը կարող է վիրավորել վետերանների զգացմունքները:



