Հայաստանում նրանք, ովքեր քաղաքականություն են մտնում դեմոկրատիա, ազատություն, մարդու իրավունքներ գաղափարներով, իշխանության գալով, պարզվում է, լրիվ հակառակն են, սովորական բռնակալներ են։ Այդպես 1988֊1990 թվերի շարժման լիդերներն էին ժողովրդավարութուն, ազատություն վանկարկում, Սովետական իշխանությանն անվանում նոմենկլատուրային բանդիտիզմ, իրենք եկան իշխանության, բանդաներ ստեղծեցին ու պետական ահաբեկչության անցան․ անցանկալի անձանց էին սպանում, թերթեր փակում, փաստաբան ու լրագրող ծեծում, բանտերում խոշտանգում մարդկանց։ Իրենց բռնապետությունը սահմանեցին նաև օրենսդրորեն՝ ընդունելով մի ամբողջատիրական սահմանդրություն, որով մի անձի՝ նախագահի ձեռքն էր անցնում ամբողջ իշխանությունը՝ դատական համակարգ, դատախազություն, Ազգային ժողով և այլն, շրջանները դարձնելով մարզեր՝ ենթարկեցրին կենտրոնական իշխանությանը՝ այդպիսով վերացնելով ապակենտրոն կառավարման համակարգը։ Սա հենց կոչվում է ամբողջատիրական համակարգ։
1998-ին վերջապես այդ մղձավանջային իշխանությունից ազատվեց երկիրը։ ՀՀՇ֊ին փոխարինած անձինք երբեք ազատությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին ճառեր չէին ասել, եղել էին սովետական կուսակցական աշխատողներ, ապա անցել պատերազմի միջով, որտեղ ժողովրդավարական գաղափարները այնքան էլ չեն գործում, բայց, ժառանգելով մի ամբողջատիրական համակարգ, սկսեցին բարեփոխել այն։ 2005֊ի սահմանդրությամբ Երևանը դարձավ ինքնակառավավող համայնք, երկու սահմանադրական փոփոխություններով դատական իշխանությունն ավելի անկախություն ձեռք բերեց։ Խնդրեմ, կարող են մասնագետները ասել, թե դատական իշխանության սահմանադրական և, ընդհանրապես, օրենսդրական ի՞նչ բարեփոխումներ են եղել վերջին 20 տարիներին։
Նաև Սահմանադրական դատարանը բացվեց բոլոր քաղաքացիների առաջ, որը, իհարկե, նյարդայնացնում է վարչապետին․ նա հեչ չէր ուզի՝ սահմանադրությունը բարեփոխված լիներ։ Խնդրեմ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն, որովհետեւ առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհն ուզում է պետությունից վերցնել»։
Այո՛, ինքը գործադիր իշխանություն է, իր մենաշնորհն է դատարաններին իշխելը, չէ՞ որ այդ սահմանադրական բարեփոխման շնորհիվ է, որ ՍԴ է դիմում նաև նա, ում բանտում փակելն ու դատապարտելը վարչապետի համար ավելի կարևոր է, քան այն, որ 2050 թվին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի առաջնությունում խաղա։
Ուրեմն՝ այն իշխանությունների ժամանակաշրջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների անունից հանդես եկող նոր գործիչներ, նոր շարժումներ, նոր ՀԿ-ներ են գալիս, սկսվում է ժողովրդական շարժման երկրորդ փուլը։ Այս նորերը իշխանություններին իրենց պիտակներն են կպցնում՝ հանցավոր ռեժիմ, քրեաօլիգարխիկ համակարգ և այլն։ Եվ ահա, 2018-ին այս անգամ էլ այս նոր ժողովրդավարները եկան իշխանության և սկսեցին ուղղակի խորտակել այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք եղել էին նախորդների ժամանակ։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրում աշխարհում նախադեպը չունեցող հակաիրավական ակցիա արեցին․ ժողովրդավարության ամրոց հանդիսացող անկախ դատական համակարգին հարվածեցին՝ փակելով դատարանների դռներն ու դատավորներին բռնության ենթարկելով։ Ակցիայի ենթատեքստն էր՝ ի՞նչ, անկախ դատարա՞ն, ծոծրակիդ հետևը կտեսնես, ժողովրդի իշխանության մեջ ոչ մի իշխանություն անկախ չի կարող լինե, անկախը միայն հակահեղափոխություն է, և՛ կառավարությունը, և՛ Ազգային ժողովը, և՛ դատարանը ժողովրդինն են, իսկ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանն է։
Զանգվածային բռնաճնշումների դիմաց դեռևս մի պատնեշ կա, համարձակներ են հայտնվել (դուխովներ), դատարանի անկախության խրամատ են պաշտպանում, չորս կողմից հարվածում են, սակայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի հանձնվում։ Եթե նրան էլ հեռացնեն և ՍԴ֊ն «ժողովրդականացնեն», ապա հեղափոխական իշխանության միակ գործը կլինի այն, որ նախորդ իշխանության շրջանը կհիշվի որպես լավ տարիներ։
Ինչպես ՀՀՇ֊ի ձեռքբերումը եղավ այն, որ մարդիկ Սովետն անվանում էին «այն լավ տարիները»։