Օրերս «Հայելի» մամուլի ակումբի վրա տեղի ունեցած հարձակման առթիվ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իրավական գնահատականի ակնկալիքով հայտարարություն տարածեց, սակայն, բացի քրեական գործի հարուցումից, այլ գնահատական իրավիճակին չի տրվել, իսկ հարձակվողներն ազատության մեջ են ու սոցիալական ցանցերում հպարտանում են իրենց արարքներով։
Այս ամենաթողության մթնոլորտը ձևավորվել է իշխանափոխությունից հետո, եւ դրա մեջ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի շարք իրավապաշտպան եւ մամուլի պաշտպանությանը կոչված կազմակերպություններ, որոնք ժամանակին պետք է գնահատական տային տարբեր իրավիճակներում լրատվամիջոցների վրա տեղի ունեցող ճնշումներին, մինչդեռ հիմնականում լռել են կամ ժամանակավրեպ ու անատամ հայտարարություններով են հանդես եկել՝ խորացնելով լրատվամիջողցների տարանջատումը յուրայինների և ոչ յուրայինների։
Իշխանափոխությունից հետո մեդիադաշտը հույս ուներ, որ իրենց նկատմամբ ճնշումները կքչանան, քանի որ վարչապետ է դարձել իրենց երկար տարիների գործընկերը, բայց իրականությունն այլ բան ցույց տվեց. մեկ տարում աննխադեպ թվով դատական հայցեր լրատվականների դեմ, ոստիկանության մուտքը տարբեր լրատվականների գրասենյակներ, մտացածին պատճառներով լրատվամիջոցի համակարգիչների առգրավում, մի շարք լրատվականներ գրեթե կորցնում էին իրենց գրասենյակները, վերջին մեկ ամսում մի շարք լրատվականների ուժային կառույցների միջոցով փորձում են ստիպել, որպեսզի վերջիններս սկզբնաղբյուրներ բացահայտեն։ Այս ամենի պատճառը նաև լրագրողական մի շարք կազմակերպությունների լռությունն էր։
Իշխանությունների լռությունը լրատվական դաշտում տիրող իրավիճակի մասին, փաստացի, ոգեշնչում է ազատ մամուլի թշնամիներին։ Խոսքի ազատության պաշտպանությանը կոչված մի շարք հասարակական կազմակերպություններ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման մասին իրենց հայտարարություններում փորձում են հավասարեցնել իշխանությունների և ընդդիմության մեղքի բաժինը, կազմակերպությունները, փաստացի, մեղքի բաժինը փորձում են նաև դնել լրատվականների վրա, բայց այս ընթացքում, իշխանական լրատվամիջոցները, որոնց մեջ արդեն իսկ մտնում են հանրային ռեսուրսով աշխատող լրատվականները, փաստացի, իրենց գործողություններում և քարոզչության մեջ ունեցել են անկաշկանդ ամենաթողություն, իսկ ընդդիմադիրները ճնշվել են։
Իրենց հայտարարության մեջ խոսքի ազատության «պաշտպանները» խոսում են ֆեյք լուրերի, խեղաթյուրված փաստերի մասին և նշում են՝ հանրության շրջանում դա առաջացնում է անթաքույց վրդովմունք, ինչը որոշ դեպքերում դրսևորվում է անթույլատրելի գործողություններով։ Պետք է հիշեցնենք, որ նմանատիպ անթույլատրելի գործունեությամբ իշխանափոխությունից հետո ընդդիմադիրներն աչքի չեն ընկել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ կազմակերպություններն ակնհայտ կողմնապահությամբ են հանդես գալիս։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հիշեցնում է, որ խոսքի ազատության պաշտպանության մասին անընդհատական խոսող կազմակերպությունների ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծն ուղղված է հենց խոսքի ազատության սահմանափակմանը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հետագա խնդիրներից և նմանատիպ դեպքերից խուսափելու համար հրատապ իրավական գնահատական տալ կատարվածին, իսկ մեղավորներին պատժել, հակառակ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկելու է իշխանության և իշխանական օրակարգի հետ իրենց գործողությունները համապատասխանեցնող կազմակերպությունների վրա։