«Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։

- ԱԺ-ն ընդունեց Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին նախագիծը։ Ի՞նչ կփոխի քաղաքացու կյանքում նվազագույն աշխատավարձի՝ 55 հազ դրամից 68 հազար դրամի բարձրացումը։

- Ողջունելի է ցանկացած բարձրացում, որը կառավարությունը նախաձեռնել է։ Նվազագույն աշխատավարձն, իրոք, մեր երկրում բավականին ցածր է։

Նվազագույն սպառողական զամբյուղից էլ ցածր և ցածր կմնա նաև այս բարձրացումից հետո։ Մենք շատ անելիք ունենք, որ մեր ազգաբնակչության խոցելի խմբերը ստանան գոնե նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի չափով գումար։ Այս որոշումը շատ կարևոր է, սակայն ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ կա աշխատավարձն ավելի շատ բարձրացնելու հնարավորություն, բայց Ազգային ժողովի պատգամավորները փորձում են սահմանափակել՝ հիմնականում տնտեսական պրոցեսներին չմիջամտելու կամ չվնասելու պատճառաբանությամբ։ Ըստ էության՝ Հայաստանում մասնավոր հատվածում գրեթե չկան ոլորտներ կամ կազմակերպություններ, որոնք վճարում են 55 հազար դրամի չափով աշխատավարձ։ Հիմնական աշխատավարձն ավելի բարձր է։ Այլ բան, որ նրանք ավելի ցածր են գրանցում իրենց աշխատողների իրական եկամուտները։ Հիմնականում պետական հատվածում է, որտեղ նվազագույն աշխատավարձի շեմը պահպանվում է և այս դեպքում շատ կարևոր է, որ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձն ավելի արագ աճի, քանի որ դրանք հետ են մնում մասնավոր սեկտորից։ Այս դեպքում, եթե պետությունն ուզում է մրցունակ դառնալ աշխատանքի շուկայում, հնարավորինս պետք է բարձրացնի նվազագույն աշխատավարձը, ինչը թույլ կտա պետական սեկտորի աշխատողներին պահել իր հատվածում։ Հակառակ դեպքում հիմա պետական սեկտորից հոսունություն ունենք։

- Նշեցիք, որ աշխատավարձն ավելի բարձրացնելու հնարավորություն ունենք, պետբյուջեու՞մ ունենք այդ միջոցները։

Այս տարի մենք պետբյուջեում ունենք բավականին լուրջ հնարավորություններ և այս կառավարությունն այդ գումարներն արդյունավետ ծախսելու փոխարեն նախընտրել է Կենտրոնական բանկում ավանդ դնել և այդ ավանդից տոկոսներ ստանալ։ Այսինքն` նրանք չեն փորձում լուրջ նախագծեր մշակել, իրականացնել, քանի որ մենեջմենթի հետ կապված, մարդկանց հետ կապված և կոռուպցիոն ռիսկերը վերահսկելու հետ կապված խնդիր ունեն։ Այս խնդիրների պատճառով նրանք նախընտրում են ուղղակի շատ հեշտ, քիչ ռիսկային գործարքի մեջ գնալ։ Մենք կարող ենք ավելի մեծ օգուտներ ունենալ, սակայն նախընտրում ենք ավելի համեստ ցուցանիշներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել