Անգլիական Նորֆոլքից 10-ամյա Գրեյսի Ուիթիքը անցյալ հինգշաբթի վաղ առավոտյան գիտակցությունը կորցրել է և նախաճաշի ժամանակ ընկել խոհանոցի հատակին: Ավելի ուշ պարզվել է, որ նա կաթված է ստացել:

Երբ աղջիկը գիտակցությունը կորցրել է, նրա մայրն անմիջապես շտապ օգնություն է կանչել, և նրան տեղափոխել են հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա մոտ իշեմիկ կաթված են ախտորոշել, որն առաջացրել էր ուղեղում թրոմբը: Սակայն նրա մոտ դրան նպաստող ոչ մի խնդիր չեն հայտնաբերել:

Աղջիկը հաջորդ 6 շաբաթը կանցկացնի հիվանդանոցում: Նա ենթարկվել է 3 ժամ տևողությամբ վիրահատության, որի ժամանակ նրա ուղեղից հեռացրել են արյան մակարդուկը: Բարեբախտաբար, կարողացել են միջամտությունը ժամանակին կատարել, և չի եղել ոչ մի անշրջելի հետևանք, ինչպես անդամալուծություն, խոսքի, լսողության և տեսողության խանգարումներ:

«Ամեն ինչ տեղի ունեցավ հաշված վայրկյանների ընթացքում,- նշել է աղջկա մայրը:- Ես կարծեցի, թե Գրեյսին ուշաթափվել է, բայց անմիջապես շտապ օգնություն կանչեցի: Բայց շատ արագ նկատեցի, որ նրա դեմքի աջ կողմը ցած է իջնում, իսկ երբ դուստրս ուշքի եկավ, նա չէր կարողանում բարձրացնել ձեռքերը կամ ոտքերը: Ամենասարսափելին այն էր, որ վերահաս դժբախտության ոչ մի նշան չկար: Դուստրս բացարձակապես առողջ էր և երջանիկ ընդհուպ մինչև այն պահը, երբ գիտակցությունը կորցրեց: Նա պաշտում է պարերը և մարմնամարզությունը, ոչ ոք չէր կարող անգամ պատկերացնել, որ 10-ամյա երեխան կարող է կաթվածի բախվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել