168.am-ը գրում է․

Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է և այս համակարգում առավել քան կարևորում է կուսակցությունների դերը: Ինչպե՞ս է գործում կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում՝ հարցին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց.

«ՀՀ-ում պետք է ստեղծել կուսակցությունների ինստիտուտ, որովհետև կուսակցությունների ինստիտուտ Հայաստանում, ըստ էության, չկա: Երբ վերցնում ենք սոցհարցումները, կուսակցությունների՝ որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունը շատ-շատ ցածր է: Սա նշանակում է՝ նման ինստիտուտ չկա, և այն, որ «Իմ քայլը» հավաքել է 70 տոկոս ձայն, չի նշանակում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես կուսակցություն, ունի ունի 70 տոկոս հեղինակություն: Դա նշանակում է, որ ինչ-որ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, նրա որոշ թիմակիցներն ունեն բարձր հեղինակություն»:

Դ. Իոաննիսյանը կարևորեց կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմը, որն այժմ կա, բայց թերի է գործում և չի խթանում նոր կուսակցությունների ստեղծումը, ինչը Հայաստանի համար, ըստ նրա, հիմա անհրաժեշտ է:

Նա ներկայացրեց նաև խնդրի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի առաջարկը՝ նշելով, որ այն որոշ կուսակցությունների կողմից ողջունվել է, բայց ոչ՝ իշխող ուժի կողմից:

Իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն առաջարկել է. «Հնարավորություն տալ քաղաքացիներին գնալ հարկային մարմին ու ասել, որ՝ ես ուզում եմ, որ իմ վճարած եկամտահարկի այսինչ տոկոսը գնա իմ համակրած իքս կուսակցությանը»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրանով լուծվում է միանգամից երեք խնդիր՝ կուսակցությունները հնարավորություն են ստանում քաղաքացիների վստահության շնորհիվ ֆինանսավորվել ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև պերմանենտ, տեղեկանում են՝ որ կուսակցությունն ինչքան համակիր ունի, և կլուծի  քաղաքացիների մասնակցության խնդիրը:

«Թող ներեն ինձ ԱԺ-ում գործող երեք կուսակցությունները, բայց երեք դեպքում էլ գործել է պառավոզի էֆեկտը, ղեկավարը կամ ղեկավարներն իրենց հետևից քաշել են ամբողջ ցուցակը»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը սահմանադրական կարգավորում է պահանջում:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների անհրաժեշտությանը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը նշեց, որ պետք է լինի ընդհանուր տրամաբանություն, խնդրի ամբողջական ընկալում, որն այս պահին չկա.

«Կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմներ է քննարկում խորհրդարանը: Պետք է հասկանալ՝ որոնք են այն նպատակները, խնդիրները, որոնք պետք է լուծել և ըստ այդմ՝ շարժվել առաջ:

Տպավորություն է, որ Կուսակցության մասին օրենքն է քննարկվում՝ որոշ կուսակցությունների ազդեցությունը թուլացնելու համար, և ոչ թե պետության՝ երկարաժամկետ առումով ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար: Օրենքները չպետք է լինեն կոնկրետ ինչ-որ մեկի հախից գալու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել