Մենք հաճախ ենք զարմանում, թե ինչպես է պատահում, որ բարձր պաշտոններում հայտնվում են մարդիկ, ովքեր չեն փայլում խելքով, շրջահայացությամբ կամ բարոյակամային որակներով։

Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա, պարզապես նրանց դեպքում ուժի մեջ էն մտել բացասական սելեկցիայի օրենքը։

«Ինձ անվանեք գոնե 3 ղեկավար, ովքեր որպես իրենց տեղակալ՝ աշխատանքի կընդունեին իրենից բավականին խելացի մարդու։ Իսկ հիմա ասեք, թե ո՞վ կզբաղեցնի այդ ղեկավարի տեղը նրա շուտափույթ հեռացումից հետո։ Ճիշտ է, առաջին տեղակալը, և եթե շարունակենք հետևել ղեկավարության փոփոխությանը, ապա 70 տարի անց մենք կստանանք կատարյալ ապուշներ իշխանության ղեկին»։

Անլիարժեքության բարդույթ

Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմենք հոգեբանության օգնությանը։ Զիգմունդ Ֆրեյդի կարծիքով՝ իշխելու ցանկությունն անօգնականության ու շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած վախից առաջացած նևրոտիկ խանգարման տեսակներից է։

Ավելին, ավստրիացի հոգեվերլուծաբանը պնդում է, որ իշխող մարդուն զոհ է պետք, որին նա գտնում է իր ենթակայի տեսքով՝ նրա հետ ձևավորելով սադոմազոխիստական զույգ։

Ալֆրեդ Ադլերն ընդհանրապես գտնում է, որ իշխանության ձգտելու մղման հիմքում ընկած է այնպիսի պաթոլոգիկ երևույթ, ինչպիսին  անլիարժեքության բարդույթն է։

Մարդու հոգեկան աշխարհը, ազատվելով տհաճ ու խոցող փորձից, օրինակ՝ մշտական ստորացումներից, գործարկում է գերփոխհատուցման մեխանիզմը, որն արտահայտվում է այլոց նկատմամբ գերակայություն ունենալու կպչուն պահանջմունքով։ Սակայն, ըստ Ադլերի՝ այդպիսի մղումը հաճախ չբավարարված է մնում, և իշխանության հասած մարդն իր բոլոր կոմպլեքսները սկսում է պրոյեկտել շրջապատող անձանց վրա՝ ստեղծելով նոր խնդիրներ։

Եվս մեկ դասական՝ Էրիխ Ֆրոմը, նշել է, որ «հոգեբանական պլանում իշխանության տենչն արմատացած է ոչ թե ուժի մեջ, այլ թուլության։ Դրանում է դրսևորվում անձի՝ միայնակ դիմակայելու ու իր սեփական ուժով ապրելու ունակ չլինելը։ Որքան շատ է իշխանության ձգտելու մղումը, այնքան շատ է նկատվում ինդիվիդի կախվածությունն ուրիշներից»։

 Բնական ընտրություն

Բնական ընտրության դարվինյան տեսությունը, որը կիրառվում է կենսաբանության մեջ, հաջողությամբ բնորոշում է նաև մեր հասարակության սոցիալական համակարգի մոդելը։ Դաժան մրցակցության պայմաններում գլխավոր խնդիրը գոյատևելն է։ Երբեմն՝ ցանկացած գնով։ Այդ դեպքում նոր պայմաններին հարմարվելու՝ ինդիվիդին խանգարող բարոյական ասպեկտները երկրորդ պլան են մղվում։

Սոցիոլոգ Պ. Սորոկինը, ով առաջինն է կիրառել «բնական սելեկցիա» եզրույթը, իշխանության ձգտող անձանց այդ տենչը կապում է «զգայական մշակույթի» կորստի հետ։

Նրա կարծիքով՝ «հաճույքի պահանջմունքն այնքան է խաթարում մենթալ և բարոյական հավասարակշռությունը, որ շատ մարդկանց գիտակցությունն ու նյարդային համակարգը չեն կարող դիմանալ հսկայական լարվածությանը»։

«Դեգրադացիային դիմակայել հնարավոր է միայն՝ տիրապետելով հստակ համոզմունքների ու բարոյական սկզբունքների։ Բայց եթե մարդը բարոյական չափորոշիչներ չունի, բացակայում են իրավունքների ու նորմերի մասին պատկերացումները, ապա այդ ժամանակ հնարավո՞ր է նրան հետ պահել այլոց շահերն անտեսելուց»,- պատասխանում է Սորոկինը։

Ժամանակակից սոցիոլոգները հետազոտելով բացասական սելեկցիայի ֆենոմենը՝ գալիս են այն եզրակացության, որ դա ոչ այնքան դեգրադացիա է, որքան արհեստականորեն իրականացվող կադրային քաղաքականություն, որը ժամանակին հաջողությամբ փորձարկվել է հատուկ ծառայությունների կողմից։

Հատուկ ծառայությունների պրակտիկայում վաղուց է կիրառվում ագենտին «կեռիկին» նստեցնելու եղանակը, երբ վերջինիս կոմպրոմատ է ներկայացվում, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև մանիպուլյացիայի տարբերակներ։

Քաղաքականության մեջ ագենտի տեղը գրավում է կոռումպացված չինովնիկը կամ քրեական անցյալ ունեցող ինչ-որ պաշտոնյա։

Կոմպրոմատի առկայությունը նրան կառավարելի ու լսող է դարձնում։ Հազիվ թե հնարավոր լինի խոսել այդպիսի ղեկավարի բարոյական ու մասնագիտական որակների մասին։ Այս պլանում առավել ցուցադրական են մարիոնետային կառավարությունները, ովքեր իշխանության են գալիս «գունավոր» հեղափոխություններից հետո։

Բացասական սելեկցիան շատ տիրակալներ, իսկ նրանց հետևից՝ նաև ներքոբերյալ չինովնիկները, դիտավորյալ իրականացնում էին գերագույն իշխանության իրողություններում։ Խնդիրը ներքոստորադրյալ հիերարխիայի թուլացումն էր։ Դրանով չինովնիկներն աշխատում էին երկու նապաստակ սպանել՝ հայտնվել շահեկան դիրքերում իրենց դուր չեկած ենթակաների համեմատությամբ և հեռացնել հնարավոր մրցակիցներին։

Իշխանության հասած անձն արդեն ոչ այնքան՝ իր անձնական շահերի տերն է, որքան՝ իրեն առաջ մղած համակարգի պատանդը։

Պ. Սորոկինի կարծիքով՝ «սուր սոցիալական կատակլիզմների շրջանում ամենահարմարվողները ոչ թե լավագույններն են դառնում, այլ միջակները, ովքեր ունակ են ձուլվել զանգված հետ` նրա ինտենսիվ մոտիվների համատեքստում։ Այսպիսի պայմանները նպաստում են բռնապետի ի հայտ գալուն, ով, կանգնելով բարոյական սկզբունքներից հրաժարվելու կամ քաղաքական ֆիասկոյի ընտրության առջև, նախընտրում է առաջինը։

Տնտեսագիտությունից Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ Հայեկի կարծիքով՝ իշխանության տենչը ցանկացած տոտալիտար ռեժիմի գլխավոր լոզունգն է՝ «նպատակն արդարացնում է միջոցները»։ Այն առանձնացնում է 3 չափորոշիչներ, որոնց հետևելու դեպքում կարող է հաջողությամբ կայանալ ու իրացվել բռնապետը՝

1. Որքան ավելի շատ է կրթված ու ինտելիգենտ ժողովուրդը, այնքան դժվար է նրանից միակամության հասնել։ Հետևաբար՝ բռնապետը պետք է աջակցություն գտնի ազգաբնակչության բարոյական և ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեցող շերտերի մոտ, և հնարավորինս խթանի լայն զանգվածների ամենապարզունակ բնազդներն ու ճաշակները։

2. Աջակցություն ավելի լավ է փնտրել դյուրահավատ ու լսող մարդկանց շրջապատում, նրանց, ովքեր պատրաստ են ընդունել արժեքային ցանկացած համակարգ։ Սեփական հայացքների մասին կարելի է ու պետք է հայտարարել հաճախ ու բարձրաձայն։

3. Մարդկանց ավելի հեշտ է միավորել ավելի բացասական, քան դրական ծրագրերով, և դրա համար էլ անհրաժեշտ է անընդհատ դիմել մարդկային բնույթի օգնությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել