Թվում է՝ ապագան արդեն մոտեցել է, համենայն դեպս, աշխարհի որոշ երկրներում։ Իսրայելական Aleph Farms ստարտափին հաջողվել է փորձարկման անոթում տավարի միս աճեցնել։ Սթեյքը ստեղծվել է լաբորատորիայում առանց կենդանու սպանության։ Այն հայտնվել է գուրմանների սեղանին և գնահատվել նրանց կողմից։

Սա իրական սննդային հեղափոխություն է։ Մինչ այս արհեստական միս գիտնականները ներկայացրել էին 2013 թ.։ Այն սինթեզված սպիտակուցներից պատրաստված միս էր, որից համբուրգեր էին պատրաստել։ Այդ միսը մասնագետները գնահատել էին մի քանի հարյուր հազար դոլար։

Բնականաբար, զանգվածային արտադրության մասին ոչ մի խոսք չգնաց, սակայն յուրօրինակ ուտելիքը դարձավ ապացույցն այն բանի, որ միս կարելի է ստանալ նաև առանց կենդանիներին սպանելու։

Իսրայելական ստարտափն այլ ուղով ընթացավ և հրաժարվեց սպիտակուցի սինթեզից։ Ուտելիքի հիմքում նրանք դրեցին հորթի ցողունային բջիջները, այդ իսկ պատճառով աճեցված միսն առանց չափազանցնելու կարելի է իրական համարել։ Սա արդեն ոչ թե վերացական միս է, այլ տավարի մսի լիարժեք կտոր, որն ունի մսի համ, հոտ, տեսք։

Ստացվածն անվանում են «մաքուր միս»։ Այն ընկերությունները, որոնք կկարողանան կոմերցիալիզացնել նման մսի արտադրությունը, վայրկենապես միլիարդներ կաշխատեն։ Սակայն դեռևս լաբորատոր պայմաններում դրա ստացումը բավականին թանկ արժի և շատ ժամանակ է խլում։ Aleph Farms ստարտափը մսի փոքրիկ կտորը ստանալու համար 3 շաբաթ է ծախսել։

Իսկ ի՞նչ է պատահել մսի կտորի հետ։ Այն տապակել և կերել են հենց ստեղծողները։ Այն տապակել է իսրայելցի շեֆ-խոհարար Ամիր Իլանը։ Վերջինս հայտնել է, որ քանի որ մսի կտորը փոքրիկ էր, դրա պատրաստումը տևել է մեկ րոպեից պակաս։

Սակայն ոչ բոլորն են գոհ այս հայտնագործումից։ 2018 թ. սկզբին իրական մսի խոշոր արտադրողները գիտնականների դեմ ապստամբեցին։ Ըստ նրանց՝ «լաբորատոր անոթներում» ստեղծված միսն իրավունք չունի միս կոչվելու և մոլորության մեջ է նետում սպառողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել