ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) բնակչուհի Ալեխանդրա Լաբաստիդա-Շապիրոն իր երիտասարդության գաղտնիքը համարել է հումակերությունը, բնական դեղորայքը, սպորտով զբաղվելը եւ դրական մտածելակերպը: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը:
«Ճիշտ կեցվածքը եւ ֆիզիկական ակտիվությունը օգնում են պահպանել էներգիան եւ մարմինն ազատում են տոքսիններից: Կարեւոր է պահպանել սննդարար նյութերի հավասարակշռությունը եւ, դրական մտածելակերպի համադրությամբ, այդ բաղադրատարրերը առողջ մարմին են տալիս»,- ասել է 55-ամյա Լաբաստիդա-Շապիրոն:
Նա ընդգծել է, որ մարդիկ իրեն հաճախ են ընդունում որպես իր դստեր երկվորյան քույր, եւ ինքը բազմաթիվ հաճոյախոսություններ է ստանում տղամարդկանցից: Մի քանի անգամ նրան ծաղիկներ են ուղարկել գաղտնի երկրպագուները: Լաբաստիդա-Շապիրոն երեք զավակների մայր է եւ չորս թոռների տատիկ: Նրան մանկությունից առողջ կենսակերպի են վարժեցրել ծնողները. նրանք նախընտրում էին օգտագործել բնական դեղաբույսեր, դստերը մասնակից էին դարձնում ֆիթնեսին եւ սովորեցնում էին օգտվել սննդակարգերից:
Կնոջ կարծիքով՝ «տարիքն ընդամենը թիվ է» ձեւակերպումը ճիշտ է, եթե մարդը ճիշտ է հոգ տանում իր մասին եւ առողջ կենսակերպ է վարում: Լաբաստիդա-Շապիրոն շատ է մարզվում, բայց միշտ էլ մարմնին հնարավորություն է տալիս վերականգնվել պարապմունքներից հետո: «Ես ինձ ավելի առողջ եւ խելացի եմ զգում, քան այն ժամանակ, երբ քսան կամ երեսուն տարեկան էի: Ես նույնիսկ սովորել եմ խուսափել թունոտ մարդկանցից եւ իրավիճակներից, որոնք կլանում են իմ էներգիան: Երբ դու դա անում ես, քո կյանքում հայտնվում են ճիշտ մարդիկ: Ես միշտ ջանում եմ ամեն ինչում լուսավոր բան գտնել եւ, որ ամենագլխավորն է, փորձում եմ միշտ լինել այնպիսին, ինչպիսին, որ կամ»,- հայտարարել է Լաբաստիդա-Շապիրոն: