Պեդրո Ռոդրիգես Ֆիլիո անունով բրազիլացուն համարում են երկրի պատմության ամենադաժան հանցագործը։ Նա կատարել է ավելի քան 200 սպանություն և հազարավոր այլ հանցագործություններ։

Պեդրոն ծնվել է թշվառ ընտանիքում։ Նրա հայրը հարբեցող էր և բռնության էր ենթարկում ոչ միայն Պեդրոյի մորը, այլև հենց իրեն։ Տղան փոքր ժամանակ պաշտպանում էր հորը, սակայն հասուն տարիքում ավելի վատը դարձավ, քան հայրը։ 

Երբ 14 տարեկան էր, հայրը դպրոցում որպես պահակ աշխատանքի անցավ։ Սակայն երկար չկարողացավ այնտեղ աշխատել. տղամարդուն հեռացրին՝ մեղադրելով դպրոցի ճաշարանից սնունդ գողանալու մեջ։

Տղան, վստահ լինելով, որ հոր հետ անարդարացիորեն են վարվել, որոշեց վրեժ լուծել։ Քաղաքապետարանի շենքի դիմաց առանց աչք թարթելու նա կրակեց մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Սանտ-Ռիտա-դու-Սապուկայիի վրա։ Այնուհետև նույն կերպ այն աշխարհ ուղարկեց հոր գործընկերոջը, ով, ըստ իրեն, կատարել էր վերոնշյալ գողությունը։

Իհարկե, այդ ամենից հետո Պեդրոն կարող էր միայն փախչել։ Նա հաստատվեց հսկայական Սան Պաուլու քաղաքի թաղամասերում։ Այստեղ Պեդրոն առաջին անգամ սիրահարվեց։ Նրա ընկերուհին՝ Մարիա Ապարեսիդան, զբաղվում էր թմրանյութերի վաճառքով, այդ իսկ պատճառով նրա կյանքը կարճ ընթացք ունեցավ։ Աղջիկն ինչ-որ մեկին պարտք էր, և նրան զրկեցին կյանքից։

Պեդրոն, բնականաբար, շատ բարկացավ։ Նա գլխավոր նարկոբարոնի հարսանիքի ժամանակ կյանքից զրկեց յոթ մարդու, իսկ 16-ին մարմնական ծանր վնասվածքներ պատճառեց։

Այդ ժամանակ Պեդրոյի հայրը սեփական կնոջ սպանության համար բանտարկված էր։ Նա խեղճ կնոջը դաշույնով 21 կտորի էր բաժանել։ Իմանալով այդ մասին՝ Պեդրոն այցելեց հորը, դանակի 22 հարված հասցրեց, ապա հանեց սիրտը, ծամեց և նետեց գետնին՝ վրեժ լուծելով մոր կյանքի համար։

Սակայն այդ ժամանակ Պեդրո Ռոդրիգես Ֆիլիոյին բռնել չհաջողվեց։ Իրավապահների ձեռքում նա հայտնվեց միայն 1971 թ.։ 18 տարեկան հասակում նա արդեն 10 սպանություն էր կատարել, որի համար առավելագույն պատժաչափ ստացավ՝ 30 տարի ազատազրկում։

Սակայն անգամ բանտում Պեդրոն շարունակեց իր վայրենիությունները և սպանեց 47 բանտարկյալի։ Մարդասպանի դեմ ցուցմունքներ ոչ ոք չէր տալիս, քանի որ վախենում էին նրա դաժանությունից և հաջորդ զոհը դառնալու հնարավորությունից։

Երբ Պեդրոն կրեց իր պատիժը և պատրաստվում էր ազատության մեջ հայտնվել, ազատազրկման ժամկետը երկարացրին։ Նրան մեղադրանք առաջադրվեց ևս 71 մարդու սպանության համար, չնայած որ նա պնդում էր, որ այդ թիվը հասնում է 100-ի։

Ազատության մեջ մարդասպանը վերջապես հայտնվեց 2018 թ.։ Այժմ նա 65 տարեկան է, դարձել է հավատացյալ և անգամ որոշել է իր ճակատագրի մասին ինքնակենսագրական գիրք գրել։

Բացի դրանից՝ նա YouTube-յան ալիք ունի, որն ունի 82 հազար հետևորդ և միլիոնավոր դիտումներ։ Պեդրոն տեսանյութերում պատմում է իր սպանությունների մասին և քննարկումներ անցկացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել