Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և տիկին Հո Չինին:

Ողջունելով Սինգապուրի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն հայոց հայրապետը հույս հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի՝ Հայաստան կատարած այցելությունը կնպաստի Հայաստանի և Սինգապուրի միջև ձևավորված հարաբերությունների և առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Ամենայն հայոց կաթողիկոսը կարևորեց երկու երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում, որոնք զարգանում են և նորանոր ոլորտներ ընդգրկում: Նորին սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, մասնավորապես՝ Սինգապուրի հայ համայնքի ունեցած դերին, ապա, ի դեմս վարչապետի, իր գնահատանքը հայտնեց երկրի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

Հայոց հայրապետը գոհունակությամբ խոսեց նաև Սինգապուրում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մասին՝ նշելով, որ առաջիկայում Սինգապուրի հայ համայնքը կունենա նաև իր հոգևոր հովիվը, ով կկազմակերպի համայնքի հոգևոր կյանքը: Ամենայն հայոց կաթողիկոսը վարչապետին ներկայացրեց, որ Սինգապուրի հայկական եկեղեցին հանդիսանում է միջեկեղեցական համագոյակցության և միջկրոնական երկխոսության միջավայր, և քրիստոնեական շատ համայնքներ, որոնք չունեն եկեղեցի Սինգապուրում, իրենց ծիսական արարողություններն անցկացնում են հայկական եկեղեցում: Հայոց հովվապետը տեղեկացրեց վարչապետին Սինգապուրի հայկական եկեղեցու հիմնադրման հոբելյանի կապակցությամբ 2020 թվականին ծրագրվող հայրապետական այցի մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և զրույցի համար՝ Սինգապուրի վարչապետն անդրադարձավ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված հարաբերություններին և գործակցության հետագա զարգացման հեռանկարներին:

Պրն. Լի Սյեն Լուն, խոսելով Սինգապուրի հայ համայնքի մասին, հաստատեց, որ համայնքի անդամները մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքի տարբեր ասպարեզներում: Վարչապետն անդրադարձավ նաև պատմական հայկական եկեղեցուն, որն առաջին քրիստոնեական եկեղեցին է տարածաշրջանում, ինչպես նաև Սինգապուրում ազգային փոքրամասնությունների և կրոնական համայնքների համար ստեղծված ազատություններին:

Հանդիպումից հետո Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել