Հնդկական տիեզերական «Վիկրամ» մոդուլն անհետացել է, հաղորդվում է NASA-ի կայքում: Գործակալությունը հրապարակել է Լուսնի մակերևույթի զոնդի կոշտ վայրէջքի հնարավոր վայրի պատկերները, և այդտեղ սարքի որևէ նշաններ չկան:

Պատկերները նկարահանվել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային ավտոմատ կայանի կողմից, երբ այն թռչում էր Լուսնի վրայով՝ Մանցինի C-ի և Սիմպելիուս N խառնարանների միջև: Դրանք տեղակայված են երկրագնդի արբանյակի հարավային բևեռի մոտ:

Հենց այստեղ է, ինչպես ենթադրվում է, անհաջող վայրէջք կատարել «Վիկրամը»: Տեսախցիկը պատկերել է տարածքի գրեթե 150 մետր հատվածը:

NASA-ում ենթադրում են, որ զոնդը չի հաջողվել հայտնաբերել, քանի որ նկարահանումները կատարվել են մթնշաղի ժամանակ, և այն պարզապես ինչ-որ տեղ կորել է ստվերում: Նշվում է, որ հոկտեմբերին ուղեծրային կայանը սարքը հայտնաբերելու ուղղությամբ երկրորդ փորձը կձեռնարկի նույն վայրում: Մասնագետների կարծիքով՝ այդ ժամանակ շանսերն ավելի մեծ կլինեն, քանի որ Լուսնի այդ հատվածը ավելի լավ լուսավորված կլինի:

Հնդկական վայրէջքային մոդուլի հետ կապն ընդհատվել է 2019-ի սեպտեմբերի 7-ին: Շուտով պարզ է դարձել, որ այն կոշտ վայրէջք է կատարել: Հնդկական տիեզերական գործակալությունը հայտնել է, որ նրանք գտել են պատահարի վայրը, և այն հեռու չէ այն կետից, որտեղ սարքը պետք է բարեհաջող վայրէջք կատարեր: Հնդկաստանի իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով՝ սարքը մասերի չի բաժանվել, այն ընկած է Լուսնի վրա կողաշրջված դիրքում:

«Վիկրամ» զոնդն ուղարկվել է Լուսին՝ ստվերված խառնարաններն ուսումնասիրելու և դրանց մեջ ջուր որոնելու նպատակով: Սա 2019-ի հուլիսին գործարկված Chandrayan 2 առաքելության մասն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել